ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը պահպանում է Ղազախստանի մի շարք ռազմավարական օբյեկտներ

ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը պահպանում է Ղազախստանի մի շարք ռազմավարական օբյեկտներ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը՝ օպերատիվ շտաբի նիստի արդյունքներով։

«Երկրի ղեկավարին զեկուցվել է, որ իրավապահ մարմինները և զինված ուժերը միջոցներ են ձեռնարկում երկրում կարգուկանոնը և օրինականությունը վերականգնելու, մարզերում արտակարգ դրության պահպանումն ապահովելու համար։ Ստեղծվել են անցակետեր, մի շարք ռազմավարական օբյեկտների պաշտպանությունը փոխանցվել է ՀԱՊԿ անդամ պետությունների միասնական խաղաղապահ զորախմբին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, ուժային կառույցները շարունակում են «մաքրել» բնակավայրերը։

Հայաստանից Ղազախստան է գործուղվել թվով 100 զինծառայող։ Առաքելության ընթացքում հայկական խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ, հայտարարել էր Պաշտպանության նախարարությունը։