Փարաքարում երրորդ փորձից էլ չհաջողվեց համայնքապետ ընտրել. մանդատներ ստացած երեք ուժերը համաձայնության չեն հասնում ու նիստ անցկացնել չեն կարողանում, այսօրվա բանավեճի պատճառն էլ նիստը վարողի շուրջ անհամաձայնությունն էր:
Առավոտյան 10-ին Փարաքարի մշակույթի տանը տեղակայված դահլիճում գրանցվել էին մեկ ամիս առաջ կայացած ընտրություններում երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրած իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ու «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչները, նիստը սկսվել էր՝ կարգի համաձայն՝ այն պետք է վարեր ամենատարեց ավագանին։ Րոպեներ անց, սակայն, շուրջ 49 տոկոս ձայն հավաքած «Ապրելու երկրի» ավագանու անդամները եկան ու պնդեցին՝ ամենատարեցը իրենց խմբակցությունից է, և հենց նա պետք է վարի նիստը։
Կոալիցիա կազմած ՔՊ-ն ու «Դավիթ Մինասյան» դաշինքը համաձայն չէին, բանավեճ սկսվեց, որը աշխատանքային օրվա ավարտից հետո էլ չհանգուցալուծվեց։ «Ապրելու երկիրը» նիստը ոչ իրավական որակեց. տեխնիկապես նիստը շարունակվում էր, սակայն քննարկումները դահլիճից կուլիսներ էին տեղափոխվել՝ ավելի կոնկրետ Մշակույթի տան վարագույրի հետևում էին ընթանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փարաքարում երկրորդ անգամ համայնքապետ չընտրվեցՄեկ ամիս առաջ կայացած ընտրություններով ամենաշատ ձայներ հավաքած «Ապրելու երկիրը»՝ 10 մանդատ էր ստացել, համայնքապետի պաշտոնում առաջադրել էր ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանին ու խմբակցության կազմով ընտրել էր նրան, ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած իշխող ՔՊ-ի ու «Դավիթ Մինասյան» դաշինքի 11 անդամներն էլ իրենց հերթին Մինասյանին էին համայնքապետ ընտրել։ Վարչական դատարանը տարեվերջին անվավեր ճանաչեց համայնքապետի ընտրությունը, գործընթացը պետք էր նորից սկսել։ Երկու օր առաջ նիստը չկայացավ, այսօր էլ այն տարօրինակ ընթացք ստացավ՝ կուլիսային զրույցներով։
Օրվա ընթացքում մի քանի անգամ փորձեցին վերսկսել նիստն ու համայնքապետ ընտրել, բայց «Ապրելու երկիրը» դեմ էր: Երեկոյան կոալիցիա կազմած երկու ուժերը որոշեցին, այդուհանդերձ, նիստ անցկացնել, համայնքապետ ընտրել, Վոլոդյա Գրիգորյանը կրկին դեմ էր, նիստը վարողին չէր թողնում բացման տեքստը կարդալ, ոստիկաններ եկան, սակայն ոչինչ չարեցին հետո էլ հոսանքը անջատվեց։
Թե ինչպե՞ս կհանգուցալուծվի այս պատմությունը և ո՞վ ի վերջո կղեկավարի խոշորացված Փարաքարը, դեռ պարզ չէ։