Լուկաշենկոն, Պուտինը և Փաշինյանը անթույլատրելի են համարում ավազակային կազմավորումների ներթափանցումը Ղազախստան

Արխիվային լուսանկար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ղազախստանում տիրող իրավիճակը՝ նշելով ավազակային կազմավորումների մուտքն այս երկիր կանխելու կարևորությունը։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

«Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեության հարցի վերաբերյալ ղեկավարներն իրենց զրույցների ընթացքում ընդգծել են, որ իրենց հիմնական խնդիրներից մեկն է կանխել դրսից ավազակային կազմավորումների ներթափանցումը Ղազախստան»,- ասվում է նախագահի մամուլի ծառայությունում։

Այսօր ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 100 հոգանոց հայկական զորախումբը Ղազախստանում կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ։