Ղազախստանի իրավապահ մարմինները լիկվիդացրել են անկարգությունների 26 մասնակիցների, ավելի քան 3 հազար մարդ ձերբակալվել է, հայտնում է «Խաբար-24» հեռուստաալիքը՝ երկրի ՆԳՆ-ին հղումով։
Ղազախստանի նախագահն այսօր կդիմի ժողովրդին, հաղորդում է «Խաբար-24»-ը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ մի խումբ անհայտ անձինք բարիկադներ են տեղադրել Ալմաթիի Հանրապետության հրապարակում գտնվող «Միր» հեռուստաալիքի շենքում։ Կան զոհեր, մահացածների դիերն ընկած են հենց փողոցում։
Այսօր մինչև կեսօր դադարեցվել է Ալմաթիի օդանավակայանի աշխատանքը, հաղորդում է նույն հեռուստաալիքը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Ղրղըզստանը Ղազախստանի խնդրանքով ժամանակավորապես փակել է 7 սահմանային անցակետերից 2-ը, հայտնում է Ղրղըզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունը։
Ղազախստանում զանգվածային անկարգությունները սկսվել են հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինը ավելի քան կրկնակի բարձրացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվել են: Նախորդ օրերին դրանք վերաճեցին զինված բախումների, որոնց հետևանքով տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան։
Երկրի իշխանությունները օգնության համար դիմել են ՀԱՊԿ-ին, որի խաղաղապահները ժամանում են Ղազախստան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է Ղազախստանի բոլոր շրջաններում․ ՏոկաևԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանի ոստիկանություն․ «Կոչնչացնենք բոլորին, ովքեր վայր չեն դնի զենքերը»