ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսի փոխանցմամբ՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ Ղազախստանի իշխանությունները կլուծեն տնտեսական և քաղաքական հիմնախնդիրները:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի տեղակայմանը: Մեզ անհանգստացնում է արտակարգ դրության ռեժիմի շարունակումը, մենք ցավակցություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են բռնություններից, և խստագույնս դատապարտում ենք բռնության և սեփականությունը ոչնչացնելու դեպքերը: Մենք կոչ ենք անում ցուցարարներին խաղաղ եղանակով դրսևորել բողոքը, իշխանությանն էլ հորդորում ենք զուսպ արձագանքել», - ասել է Փրայսը:
Պետդեպարտամենտի խոսնակը նաև ասել է, թե Վաշինգտոնը հարցեր ունի Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի տեղակայման վերաբերյալ, քանի որ «Ղազախստանի կառավարությունն ունի իր ռեսուրսները, և դրանք ամուր են»:
«Մենք Ղազախստանի իշխանությանն ենք թողնում օտարազգի զինված ուժեր սեփական տարածքում տեղակայելու վերաբերյալ տեսակետներ հայտնելու հնարավորությունը: Մենք շատ ուշադիր ենք հետևելու մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած դեպքին և ղազախական հաստատությունները գրավելու օտարազգի ուժերի բոլոր փորձերին», - ասել է Նեդ Փրայսը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում հայտարարում են իրավիճակի կայունացման մասին. ՀԱՊԿ տեսակոնֆերանս է պատրաստվում վաղը (թարմացված լրահոս)