«ՀԱՊԿ-ն ինչո՞ւ Հայաստանի համար զորքեր չկազմակերպեց». քաղաքացիները` Ղազախստան ուժեր ուղարկելու մասին

Ինչո՞ւ պետք է հայ զինվորները ՀԱՊԿ-ի կազմում մեկնեն Ղազախստան, երբ այդ կառույցը ամիսներ շարունակ չի արձագանքում Հայաստանի դիմումներին, վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարությանն ի պատասխան այսօր «Ազատության» հետ զրույցում ասում էին մի խումբ երևանցիներ։

«Այդ նույն ՀԱՊԿ-ն ինչո՞ւ Հայաստանի համար զորքեր չկազմակերպեցին, օգներ մեր պատերազմին: Հիմա ի՞նչ, ցույցերի համար ՀԱՊԿ-ն ի՞նչ պետք է անի, զորք տանի՞ Ղազախստան: Անիմաստ եմ համարում:

«Քիչ զոհվեցին հա՞ մեր երեխեքը: Կատեգորիկ դեմ եմ, չի կարելի: Մեր կորուստները շատ էին էլի»:

«Ղազախստանը հրաժարվել է միշտ էլ, ասել է` Ալիևն իմ բարեկամը, կնեղանա Ալիևը»: Հնչում էին այս պատասխանները:

«Ազատության» հետ զրույցում երևանցիները նաև ասում էին՝ Ղազախստանում կատարվող իրադարձությունները այդ երկրի ներքին խնդիրն է, Հայաստանը չպետք է խառնվի. «Պարտված երկիր ենք, ստեղից զորք ուղարկե՞նք Ղազախստան, ստից խոսակցություն է էլի դա: Զորք ունե՞նք, որ մեկ էլ Ղազախստան ուղարկենք»:

Նաև այլ տեսակետներ հնչեցին, զորք ուղարկելու որոշմանը դրական որակողներ էլ եղան, որոշներին դա ընդհանրապես չի հետաքրքրել:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից որոշում է կայացվել կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկել Ղազախստանի հանրապետություն՝ այդ երկրում իրադրության կայունացման և բնականոն հուն վերադարձնելու նպատակով: