Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ «անհանգստությամբ և մտահոգությամբ» է հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին՝ նշելով՝ ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը խստորեն դատապարտում է բռնությունը՝ շեշտելով՝ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։
«Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ», - ասված է հայտարարությունում։
Ղազախստանում բողոքի զանգվածային ակցիաները վերաճել են բախումների, կրակոցներ են հնչում, ցուցարարները գրավել են Ալմաթիի օդանավակայանը: Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ օգնություն է խնդրել ՀԱՊԿ գործընկերներից՝ «ահաբեկչական սպառնալիքը» հաղթահարելու համար: Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում հայտարարում են իրավիճակի կայունացման մասին. ՀԱՊԿ տեսակոնֆերանս է պատրաստվում վաղը (թարմացված լրահոս)