Վաշինգտոնում հանդիպել են Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Վերջին զրույցի արդյունքում նրանք հայտարարեցին երկու երկրների սերտ համագործակցության և ուկրաինական հարցի առնչությամբ Ռուսաստանի նկատմամբ միասնական դիրքորոշման մասին։
«Գերմանիան և ԱՄՆ-ն Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները դիտարկում են որպես Եվրոպայում խաղաղության և կայունության անմիջական և անհապաղ մարտահրավեր», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը․ - «Մենք դատապարտում ենք Ռուսաստանի ռազմական ներուժի կուտակումն Ուկրաինայի սահմաններին և Մոսկվայի՝ գնալով ավելի կոշտ հռետորաբանությունը, ըստ որի, Ուկրաինան ձգտում է հակամարտություն հրահրել Ռուսաստանի հետ»:
Բերբոքն իր հերթին ընդգծել է, որ Ուկրաինայի ինքնիշխանության հետագա խախտումները լուրջ հետևանքներ կունենան Ռուսաստանի համար՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով: Միաժամանակ նա նշել է, որ Բեռլինն ու Վաշինգտոնը տարաձայնություններ ունեն Ուկրաինային զենք մատակարարելու հարցում։