ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան

ՀԱՊԿ զորավարժություններ Հայաստանում, արխիվ

ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան, հաղորդում է կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով», - Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտնել էր Ղազախստանի նախագահի դիմումի հիման վրա անհապաղ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ խորհրդակցություններ սկսելու մասին:

Ղազախստանում բողոքի զանգվածային ակցիաները վերաճել են բախումների, կրակոցներ են հնչում, կան սպանվածներ և հարյուրավոր վիրավորներ, ցուցարարները գրավել են մասնավորապես Ալմաթիի օդանավակայանը:

Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ օգնություն է խնդրել ՀԱՊԿ գործընկերներից՝ «ահաբեկչական սպառնալիքը» հաղթահարելու համար: Տոկաևն «արտաքին ագրեսիայի ակտ» է որակել երկրում կատարվողը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում հայտարարում են իրավիճակի կայունացման մասին. ՀԱՊԿ տեսակոնֆերանս է պատրաստվում վաղը (թարմացված լրահոս)