ՔՊ -ական Գարիկ Սարգսյանն այսօր վարչապետի որոշմամբ դարձավ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, թեև մեկ ամիս առաջ նրան չէր հաջողվել հաղթել Վեդիի քաղաքապետի ընտրություններում։
Դեկտեմբերի 16-ին անցկացված ընտրությունների արդյունքներով ոչ մի ուժի չէր հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել, կոալիցիաների վերաբերյալ համաձայնություն ևս ձեռք չբերվեց։ Արդյունքում 2 -րդ և 3 -րդ տեղը զբաղեցրած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ ներկայացրին, հետևաբար պետք է անցկացվեն նոր ընտրություններ։
Մինչ այդ վարչապետի որոշմամբ համայնքի ղեկավարումը հանձնվեց պետական գույքի կառավարման կոմիտեի արդեն նախկին նախագահ Գարիկ Սարգսյանին, ով հայտարարել է, որ մասնակցելու է նաև նոր ընտրություններին։
ԱԺ ընդդիմությունը բարձրաձայնում է անհավասար մրցակցային պայմանների մասին, իշխանությունից արձագանքում են
Խորհրդարանական ընդդիմությունից բարձրաձայնում են անհավասար մրցակցային պայմանների մասին։
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի տեղական ընտրություններում տանի բացարձակ հաղթանակ ու ոչնչի առջև կանգ չի առնում այդ ճանապարհին` և՛ օրենքի շրջանակներում, և՛ օրենքից դուրս: Հասկանալի է, որ նրան նշանակել են, որպեսզի վարչական լծակների կիրառմամբ հնարավորություն ստեղծվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակն ապահովելու համար: Ստացվում է՝ այն, ինչ մերժում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, հիմա իրականցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշում է` այս նշանակումը բացի քաղաքականից նաև իրավական խնդիր ունի։ Պնդում է՝ նույն ՏԻՄ օրենքը, որին հղում տալով կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները, սահմանում է նաև, որ ավագանու անդամը չի կարող լինել նաև համայնքի ղեկավար։ Մինասյանի մեկնաբանմամբ, քանի դեռ նոր ընտրություններ չեն անցկացվել Սարգսյանը շարունակում է մնալ ավագանու անդամ, անգամ եթե մանդատը վայր է դրել:
«Նույնն է, ինչ որ կառավարության հրաժարականի պահն էր, երբ որ ասում էին՝ Նիկոլ Փաշինյանը կարող է շարունակել իր պարտականությունները, կապ չունի, որ հրաժարական է տվել, Սահմանադրությունն ասում է, որ նա պետք է շարունակի իր պարտականությունները, տրամաբանությունը սենց էին կառուցում: Հիմա նույնն էլ ավագանու անդամի վրա է դրվում, օրենքն ասում է՝ դու պարտավոր ես շարունակել քո լիազորությունները որպես ավագանու անդամ մինչև նոր ավագանու ձևավորումը: Հետևաբար ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հիմա նաև օրենքն է ուղիղ խախտում. վերագրել է մի անձի պարտականություն, տվել է պարտականություն, որի իրավունքն ինքը չուներ, և Գարիկ Սարգսյանն իրավունք չունի կատարի պարտականություն, հակառակ դեպքում այն կդիտվի որպես պաշտոնական դիրքի չարաշահում», - ասաց Մինասյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խիստ վտանգավոր միջամտություններ». Թաթոյանը՝ համայնքներում ավագանու ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի մասինԸնդդիմությունը անցած աշնանը Սահմանադրական դատարան է դիմել՝ վիճարկելու ՏԻՄ օրենքում արված վերջին փոփոխությունները, որոնք հնարավորություն են տալիս վարչապետին նման նշանակում անել։ Վիճահարույց այդ փոփոխությունները ընդունվել են նախորդ տարվա սեպտեմբերի 24 -ին միայն իշխանական պատգամավորների ձայներով, ընդդիմադիր «Հայաստան»-ի ու «Պատվի ունեմ»-ի պատգամավորները նիստը բոյկոտել էին։
Մինասյանը պնդում է՝ օրենքի փոփոխությամբ իշխանությունը մեկ նպատակ ունի՝ ամեն գնով նվաճել տեղական իշխանությունը. «Ուղերձ է ուղարկում դեպի հանրությունը, դեպի այս խոշորացված համայնքը, որ դուք ուզեք-չուզեք այս մարդն է լինելու համայնքի ղեկավար: Սա ոչ այլ ինչ քան իրավական բեսպրեդել չես կարող բնութագրել»:
Իշխանական պատգմավոր Ռուստամ Բաքոյանը, ով նախընտրական հանրահավաքի ուղեկցում էր իր թիմակից Գարիկ Սարգսյանին, պնդում է՝ ընդդիմադիրների մեղադրանքները հիմնավոր չեն և ավելի շուտ նպատակ ունեն արդարացնելու ընդդիմադիրների հնարավոր պարտությունը նոր ընտրություններում:
«Ընդդիմադիրներն ամեն հնարավոր բան կանեն, որպեսզի ընտրության արդյունքներն էլ նույնիսկ կարողանան կասկածի տակ դնել, այնպես որ ցանկացած նշանակում և ցանկացած որոշում չի կարող ազդել ընտրության արդյունքների վրա», - ընդգծեց Բաքոյանը:
Ուղիղ մեկ ամիս առաջ Վեդիում տեղական կառավարման համար պայքարի էին դուրս եկել «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 2383 ընտրող։ Ցուցակը գլխավորած Սիսավան համայնքի ղեկավար Սպարտակ Թարթիկյանը «Ազատությանը» փոխանցեց որևէ կերպ մտահոգված չեն Սարգսյանի նշանակմամբ. «Նորից եմ ասում՝ ընտրողը ժողովուրդն է»:
Թարթիկյանը փոխանցեց, որ մասնակցելու են նաև նոր ընտրություններին, ցուցակում էլ աննշան փոփոխություններ են անելու։ Նրա գլխավորած ուժը իշխող ՔՊ-ից 113 ձայն էր ավելի ստացել։ 3 -րդ տեղը զբաղեցրած «Հանրապետություն» կուսակցությունը ստացել էր 596 ձայն։
Նոր ընտրությունների օրը դեռ չի նշանակվել։