Երկրի հիմնադիր-նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարականից հետո իշխող կուսակցության՝ «Նուր Օթանի» («Հայրենիքի լույս») նախագահի պաշտոնը վստահել է գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, պահպանելով միայն Ղազախստանի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, սակայն այսօր դա էլ զիջել է Տոկաևին:
Ստանձնելով Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, Տոկաևն ասել է, որ պատրաստվում է «գործել ամենայն կոշտությամբ և կանխել իրավիճակի հետագա սրացումը»:
Տոկաևը հավաստիացրել է, որ չնայած երկրում ստեղծված իրավիճակին՝ ինքը ոչ մի տեղ չի հեռանա և կմնա «ժողովրդի հետւ»:
Նախօրեին Տոկաևը կառավարությանն է քննադատել ստեղծված ճգնաժամի համար, պաշտոնանկ է արել վարչապետ Ասկար Մամինին և կառավարության ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Ալիխան Սմաիլովին: Տոկաևի օգնական Երլան Կարինը նշանակվել է պետական քարտուղար:
Ճնգաժամը սկսվել է այն բանից հետո, երբ կառավարությունը 50 տենգեից (0.11 դոլար) 120 տենգեի է հասցրել հեղուկ գազի մեկ լիտրի գինն, ինչին ի պատասխան բողոքի ցույցեր են սկսվել ամբողջ երկրում: Կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն ցույցերը շարունակվել են:
Նախագահը հավաստիացրել է, որ «մարդկանց բոլոր օրինական պահանջները կկատարվեն»:
Այսօր առավոտյան Տոկաևը կարգադրել է մեկ տարով հետաձգել հեղուկ գազի վաճառքը էլեկտրոնային բորսաներ և հարթակներ տեղափոխելու կառավարության որոշումը և 180 օրով պետական հսկողության տակ վերցնել հեղուկ գազի, բենզինի, դիզելային վառելիքի և սոցիալական առանցքային նշանակության ապրանքների գները:
Տոկաևն ասել է, որ երկրի էներգետիկ սեկտորին անհրաժեշտ է «որակական վերաբեռնավորում: «Առանց համակարգային մտածված և փուլային բարեփոխումների գազի սեկտորն առաջ տանել հնարավոր չէ»,- ասել է Տոկաևը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում հայտարարում են իրավիճակի կայունացման մասին. ՀԱՊԿ տեսակոնֆերանս է պատրաստվում վաղը (թարմացված լրահոս) ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ցուցարարները շարժվում են Ալմաթիի օդանավակայանի ուղղությամբ