Տարոն Մարգարյանի ու Արման Սահակյանի փաստաբանները նրանց առաջադրված մեղադրանքներն ու քրգործն անհիմն են համարում

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյան, արխիվ

Քրգործի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի մասով քրեական գործի նախաքննությունը։ Քննչական կոմիտեից հայտնում են՝ ուսումնական հաստատությունների հողամասերի կրճատմանն առնչվող գործն ուղարկվել է Գլխավոր դատախազություն՝ դատարան տեղափոխելու միջնորդությամբ։

Երևանի նախկին քաղաքապետն ու պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Ըստ Քննչական կոմիտեի` նախաքննության ընթացքում հաստատվել է, որ դեռևս քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնելիս Մարգարյանը հանձնարարել է կատարել 16-րդ հատուկ դպրոցի հողամասի սահմանները ճշտում՝ հողամասի նոր հատակագծով դպրոցին պատկանող հողակտորից նվազեցվել է ավելի քան 3600 քառակուսի մետր: Ըստ Քննչական կոմիտեի` այնուհետև այն օտարվել է Մարգարյանի սանիկին, իսկ մյուս հողակտորը՝ նույն դպրոցի տնօրենի ամուսնուն:

«Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով, շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով՝ հիշյալ օտարման արդյունքում դպրոցը զրկվել է փաստացի իրեն ամրակցված հողատարածքը ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից, իսկ պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», - նշված է կառույցի հաղորդագրության մեջ:

Էրեբունի վարչական շրջանում գտնվող 64-րդ մանկապարտեզից էլ 1400 քառակուսի մետր հողամաս է օտարվել։ Քննչական կոմիտեի ներկայացմամբ՝ տարածքը աճուրդով վաճառվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, այս անգամ էլ մանկապարտեզի տնօրենի հորը։

«Վերջիվերջո ինքը քաղաքապետ է, ոչ թե գեոդեզիստ»

Տարոն Մարգարյանի փաստաբան Բենիկ Գալստյանը պնդում է՝ քրեական գործն անհիմն է ոչ միայն մեղադրանք առաջադրելու, այլև գործը դատարան ուղարկելու հիմքեր չկային։ Վերջինս ասում է՝ եթե անգամ հողամասերի ճշգրտման գործընթացում շեղումներ ու խախտումներ են եղել, Մարգարյանը որևէ վերահսկողություն չի ունեցել դա պարզելու. «Վերջիվերջո ինքը քաղաքապետ է, ոչ թե գեոդեզիստ, ու բնականաբար, եթե Երևան քաղաքի տարածքում թե նախկինում, թե ներկայումս հարյուրավոր հողամասեր են ճշգրտվում, օտարվում, դրանց բուն ճշտման, չափագրման գործընթացին, բնականաբար, Երևանի քաղաքապետը չի կարող ուղղակի մասնակցություն ունենալ, այսինքն` գնալ, գեոդեզիական սարքավորումներով սկսի չափագրում իրականացնել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել Տարոն Մարգարյանին

Ինչ վերաբերում է աճուրդի գործընթացին, աճուրդի գործընթացի ոչ իրավաչափ լինելու մասով սույն քրեական գործով որևէ տվյալ ձեռք չի բերվել»:

Քննչական կոմիտեն պետք է դադարեցներ քրեական հետապնդումն իր պաշտպանյալի նկատմամբ, ոչ թե քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդություն ներկայացներ, հայտարարում է Գալստյանը. «Վարույթն իրականացնող մարմինը իր բազմաթերթ մեղադրանքի որոշման մեջ չի կարողանում ցույց տալ, թե կոնկրետ ինչ լիազորություն պետք է իրականացներ Տարոն Անդրանիկի Մարգարյանը, որը չի իրականացրել պարզապես կամ իրականացրել է ծառայողական շահերին հակառակ»։

Տարոն Մարգարյանն ավելի վաղ էլ վկայի կարգավիճակ է ունեցել «Երևան» հիմնադրամի քրեական գործում։ Գործի նյութերում նշվում էր, որ համաձայն քաղաքացիների կողմից ստացված հաղորդումների` Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ:

Արման Սահակյանը ևս չի ընդունում առաջադրված մեղադրանքը

Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, հանրապետական Արման Սահակյանն էլ, ըստ Քննչական կոմիտեի, համար 185 հանրակրթական դպրոցի տարածքում է ճշգրտման գործընթաց նախաձեռնել՝ նվազեցնելով ավելի քան 3800 քառակուսի մետր տարածք։ Այդ հողամասը աճուրդի ու միջնորդավորված անձանց միջոցով օտարվել է Արման Սահակյանի եղբորը, նրա օգնականին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականին և Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի հարազատին, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

«Նման մեղադրանք, որն առաջադրվել է իմ պաշտպանյալին` պարոն Սահակյանին, իրականության մեջ նման մեղադրանք գոյություն ունենալ չի կարող: Քննչական մարմինը որոշակի ձևակերպումներ է տալիս, թե իբր գաղտնի մտադրություն է ունեցել տնօրենի հետ, դիմումներ է վերցրել, ուղարկել է քաղաքապետարան, հետո գաղտնի համաձայնություն է ունեցել քաղաքապետարանի աշխատակիցներից: Քրեական գործով, հավաստիացնում եմ ձեզ, որևէ ապացույց գոյություն չունի` այդ հանգամանքները հիմնավորող», - ասում է փաստաբան Էմին Խաչատրյանը:

Արման Սահակյանը ևս չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Էմին Խաչատրյանն պնդում է` քրեական գործով որևէ ապացույց գոյություն չունի, քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր։ Մինչդեռ, ըստ Քննչական կոմիտեի, Արման Սահակյանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հանցավոր գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս, չափը չեն մանրամասնում։ Արման Սահակյանն անցնում է նաև ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով։