Սոցցանցերի և ՏՏ օգտագործմամբ շուրջ 40 մլն դրամի հափշտակություն է բացահայտվել

Տասնյակ անձինք դարձել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարվող հափշտակության զոհ, քրեական գործն ուղարկվել է դատարան, հաղորդում է Հայաստանի դատախազությունը։

Հաղորդագրության համաձայն՝ սոցիալական ցանցերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությամբ, որն իրականացվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, հիմնավորվել է հետևյալը․ - «Վ. Ք.-ն 2020թ. մարտի 15-ից մինչև մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում իր և այլ անձանց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարներով ստեղծել է «Իդրամ» էլեկտրոնային վճարային համակարգի հաշվառման հաշիվներ՝ էլեկտրոնային դրամապանակներ: Այնուհետև 40 անձանց անվամբ լրացված, իրավունք վերապահող ակնհայտ կեղծ անձնագրեր ու նույնականացման քարտեր օգտագործելու միջոցով այդ հաշվառման հաշիվները նույնականացրել է՝ տալով դրանց «Պրեմիումպլյուս» կարգավիճակ: Ապա այդ հաշիվներով, նշված անձանց անվամբ բանկում առցանց ձևակերպել է ընդհանուր 41 հատ «Ռոքեթ» տեսակի վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է նշված պայմանագրերով հաստատված ու էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված՝ առանձնապես խոշոր չափերով ընդհանուր շուրջ 25.4 միլիոն ՀՀ դրամ գումարը, որը փոխանցել է 3 բուքմեյքերական ընկերությունների կայքերում իր անվամբ գրանցված և իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին»:

Բացի այդ, շարունակում է Դատախազությունը, նույն անձը 2021-ի հունվարի 4-ից մինչև մայիսի 10-ը Facebook.com սոցիալական կայքում ստեղծել է տարբեր անվանումներով օգտահաշիվներ, որոնց միջոցով նամակագրություն է վարել նույն կայքում գրանցված տարբեր անձանց հետ, վերջիններիս անվամբ «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակ գրանցելուն, դրանք նույնականացնելուն աջակցելու, բոնուսներ տրամադրելու պատրվակներով ստացել է նրանց բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին «Իդրամ» վճարային համակարգից ստացված ծածկագրերը, ուղղորդել է նշված անձանց «Իդրամ» վճարային համակարգում «Իդրամ» դրամապանակները նույնականացնելու գործընթացում: Այնուհետև, ունենալով վերջիններիս անվամբ գրանցված և նույնականացված էլեկտրոնային դրամապանակների տվյալները, փոփոխել է դրամապանակներին կցված բջջային հեռախոսահամարներն ու դրանց կցել է իր անվամբ գրանցված և իր կողմից օգտագործվող հեռախոսահամարներ, ինչից հետո՝ դրամապանակների միջոցով տարբեր անձանց անվամբ բանկում, վարկային կազմակերպությունում առցանց եղանակով ձևակերպել է վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է պայմանագրերով հաստատված ու իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր՝ 13.5 մլն դրամ գումարը, որը ևս փոխանցել է բուքմեյքերական կայքերում իր անվամբ գրանցված և իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Վ. Ք.-ն նաև 2020-ի հուլիսին ok.ru սոցիալական կայքում «սոցիալական ապահովության աշխատակից» պայմանական անվամբ անհատական էջից նամակներ է ուղարկել նույն կայքում գրանցված մի քաղաքացու անհատական էջին և իրականությունը խեղաթյուրելով՝ Covid-19 համաճարակի օգնության ծրագրի շրջանակներում օգնություն տրամադրելու պատրվակով գրեթե նույն մեխանիզմով հափշտակել է քաղաքացու անվամբ ձևակերպված վարկային պայմանագրով հաստատված և իր կողմից կառավարվող Telcell wallet էլեկտրոնային դրամապանակին մուտքագրված զգալի չափերով գումարը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021-ի դեկտեմբերի 22-ին Վ. Ք.-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 181-րդ («Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ») և 325-րդ («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») հոդվածներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Այսօր դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և ըստ էության քննելու համար քրեական գործն ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նշված հոդվածներով սահմանված ամենախիստ պատիժը 4-ից 8 տարվա ազատազրկումն է՝ գույքի բռնագրավմամբ։