Մատչելիության հղումներ

Իրական վտանգ համակարգչային «մահացու» խաղերի հետևում չկա, բայց ուշադիր լինել պետք է, ընդգծում է մեդիափորձագետը


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

«Հիստերիկ ինչ-որ օրերի բուսնում է, մի շաբաթ հետո էս թեմայի մասին ոչ ոք չի հիշի»․ - մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը համակարգչային «մահացու» խաղերի մասին է խոսում։

Օրեր առաջ Հայաստանում դեռահասի ենթադրաբար ինքնասպանությունից հետո համացանցում սկսեցին ակտիվորեն քննարկել ռուսական “Синий кит”՝ «Կապույտ կետ» անունով հայտնի խաղը, որը, ըստ իրավապահների, կարող է լինել դեռահասի ինքնասպանության վարկածներից միայն մեկը։ Հարցերի պատասխանը կտա նախաքննությունը, որը սկսվել է փետրվարի 2-ին։

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ խաղը։

2016 թվականին ռուսական մամուլը սկսեց գրել համացանցային «մահվան խմբերի» մասին, որոնք դեռահասներին ինքնասպանության էին դրդում։ Մամուլում հրապարակվող նյութերում շարունակում էին պնդել, որ “Синий кит” անունով հայտնի խաղի հետևանքով մեկ տարվա մեջ ինքնասպանություն է գործել 130 դեռահաս։ Խաղի տարածվածությունը գագաթնակետին հասավ 2017-ին, երբ սոցցանցում ավելի քան 800 օգտատեր իր պատին դրեց #синийкит հեշթեգը՝ սպասելով խաղի համակարգողի հրահանգներին։ Խաղի մեջ մտած մասնակիցը ստանում է 50 հրահանգ՝ ամենասովորական խաղ հիշեցնողից մինչև ինքնավնասման կամ վտանգ պարունակող արարքների։ Չկատարելու դեպքում մասնակիցը սպառնալիքներ է ստանում։

Այդուհանդերձ, 2017 թվականին «Ազատության» ռուսական ծառայության հետաքննությունը ուղղակի կապ չէր գտել դեռահասների ինքնասպանության և խաղի միջև։

«Ի՞նչ պետք է անի երեխան։ Էստեղ կան շատ պարզ բաներ, այսինքն՝ երեխային պետք է հասկացնել, որ իրականում էդ ամենը փուչիկ է, ռեալ վտանգ էդ ամեն ինչի հետևում չկա, և դա այնքանով է կարող վտանգ լինել, որքանով դու վախենաս։ Կարևոր է ասել ծնողներին, եթե կա ուսուցիչ, որին վստահում ես՝ նույնպես ուսուցչին, որպեսզի համ սովորեցնեն՝ ոնց կասեցնել էդ ամեն ինչը, արգելափակել, պլյուս նաև ուշադիր լինեն», - «Ազատության» հետ զրույցում նշեց Սամվել Մարտիրոսյանը։

Մեդիափորձագետը ինքն էլ փորձել է խաղալ այդ խաղը, ասում է՝ երեխայական բաներ են, իր վրա չեն կարողացել ազդել, բայց երեխաներին կարող են վախեցնել ու ծուղակը գցել։

Հոգեբան Աննա Բադալյանը հաստատում է՝ համակարգչային շատ խաղեր բթացնում են երեխաների ուղեղը։

«Համակարգիչների հետ կապված՝ պետք է հաշվի առնել էն փաստը, որ ամենաառաջինը՝ բթացնում է երեխաների հոգեկանի իմացական գործընթացները, վնասում է շփման հմտություններին, հաղորդակցման հմտություններին։ Դրա համար, երբ որ երեխան ավելի շատ նստում է համակարգչի առաջ, կորցնելով էդ ունակությունը՝ դառնում է կախյալ, և էդ պարագայում, եթե խաղերը վնասակար խաղեր են, և խաղի էն մյուս կողմից կա հրահանգող, ապա երեխան կարծես ամբողջովին կախվում է այդ հրահանգներից», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց հոգեբանը։

Դեռևս չորս տարի առաջ Հայաստանում ևս այս թեման գլուխ բարձրացրեց, Ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեց՝ ասում է Ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը։ «Արագ արձագանքվեց էդ դեպքերին, համապատասխան ցուցումներ տրվեցին տարածքային մեր ստորաբաժանումներին, որպեսզի իրենց սպասարկման տարածքներում՝ գործող ուսումնական հաստատություններում, դպրոցներում, կազմակերպեն հանդիպումներ ծնողների հետ, ծնողական կոմիտեների հետ, որպեսզի կարողանան բացատրել, որ կան էսպիսի տեղեկություններ սոցկայքերում, ինտերնետային տիրույթում տարածված ինչ-որ խաղերի մասին», - «Ազատության» հետ զրույցում նշեց Վարդանյանը։

Թե Հայաստանում գրանցված ինքնասպանություններից ու ինքնասպանության փորձերից քանիսի հիմքում են եղել նման խաղերը, դժվար է ասել, Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ քննության արդյունքում նման դեպքեր չեն պարզվել։

«Իրականում օդից վերցրած թեմա է, բայց էն իրական պրոբլեմները, որ կան ցանցում երեխաների հետապնդման, կիբերբուլինգի կամ կիբերհալածանքի, էդ թեմաները մեզ մոտ քողարկվում են, փաստացի վիճակագրություն մենք չունենք, և մեզ մոտ տպավորություն է, որ ամեն ինչ լավ է, բայց ես Ձեզ ասեմ, որ ամեն ինչ գնալով ավելի վատանում է, և, իհարկե, էստեղ կան բացեր Հայաստանում։ Առաջինը՝ օրենսդրությունը մեզ մոտ այդքան հստակ չէ, և նույն օրինապահները չեն կարողանում շատ դեպքերում քրեական գործ հարուցել, որովհետև ակնհայտ, օրինակ, սպառնալիք կյանքին չկա, և այլն, և այլն, ինչի պատճառով չեն կարողանում ստանալ սոցցանցերից տվյալներ, որպեսզի հետո գտնեն էդ կիբերահաբեկչին, և այլն», - ընդգծեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Բոլոր տեսակի խնդիրներից խուսափել հնարավոր է ծնողական վերահսկողության միջոցով։ Խստիվ արգելել համացանցից ու խաղերից օգտվելը մասնագետները խորհուրդ չեն տալիս, քանի որ «արգելված պտուղը միշտ քաղցր է թվում», ընդամենը խորհուրդ են տալիս խոսել ու բացատրել, կամ երեխայի հետ այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ նա չվախենա իր խնդիրները պատմել ծնողներին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG