Չավուշօղլուն և Բլինքենը քննարկել են հայ-թուրքական գործընթացի մեկնարկը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Ի թիվս այլ հարցերի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցչի նշանակման թեման են քննարկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ կայացած հեռախոսազրույցում։

Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ Բլինքենն ու Չավուշօղլուն անդրադարձել են համագործակցության խորացման հնարավորությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման համար։

Անցած տարի ազդարարվեց հայ - թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի մեկնարկը, երկու կողմերը հայտարարեցին հատուկ բանագնացներ նշանակելու մասին՝ թուրքական կողմից՝ փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը, Հայաստանի կողմից՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։