Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, ըստ էության, աջակցություն է հայտնում Հայաստանի դիրքորոշմանը` հարավկովկասյան երկու երկրների միջև տրանսպորտային կապերի շուրջ Ադրբեջանի հետ շարունակվող բանակցություններում։
Իրանի նախագահի գրասենյակից փոխանցմամբ` նա այս հարցը քննարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջինիս նախաձեռնած հեռախոսազրույցում։
«Իրանի Իսլամական Հանրապետության առանցքային քաղաքականություններից մեկը երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելն է։ Այդ առումով Թեհրանը սատարում է Հայաստանի ինքնիշխանությունը իր բոլոր տարածքների և այդ երկրի տարածքով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ»,- Փաշինյանին ասել է Ռայիսին` շարունակելով, թե այս տարածաշրջանում իրավիճակի զգայունությունը պահանջում է, որ երկրները պարբերաբար քննարկեն տարածաշրջանային և երկկողմ հարցեր:
Ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առաջընթացը` Իրանի նախագահը տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու հույս է հայտնել, կարևորել ապաշրջափակումը:
Հայկական կողմի հաղորդմամբ` Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահն ընդգծել են տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցության կարևորությունը: