Մոտ մեկուկես տարի առաջ հիմնադրված «Եվրոասֆալտ» ընկերությունը, որի գործադիր տնօրենը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրն է, այս տարեսկզբից շահել է երեք պետական մրցույթներում։ Դրանց ընդհանուր արժեքը ավելի քան 748 միլիոն դրամ է կամ մոտ 1.5 միլիոն դոլար։
Վերջին պայմանագիրը կնքվել է Ապարանի համայնքապետարանի հետ` 287.5 միլիոն դրամի կամ գրեթե 600 հազար դոլար արժողությամբ։ Եթե այս դեպքում «Եվրոասֆալտն» առաջարկել էր մրցակիցներից զգալիորեն ավելի ցածր գին, ապա նախորդ մրցույթի դեպքում՝ հունիսին, ընկերության առաջարկը 50 հազար դրամով էր պակաս, ինչի շնորհիվ էլ կարողացել էր հաղթել։
Կառլեն Սիմոնյանի՝ ասֆալտապատման ոլորտում ներգրավված լինելու մասին հրապարակումներին արձագանքել էր հենց «Եվրոասֆալտ» ընկերությունը՝ հիշեցնելով, որ ո՛չ խորհրդարանի խոսնակը, ո՛չ նրա եղբայրը ընկերության բաժնետերեր չեն, ինչպես նաև պնդել էին՝ «Պետական գնումների մրցույթներում հաղթանակները որևէ կերպ չեն կարող արտահայտվել Կառլեն Սիմոնյանի աշխատավարձի չափի վրա»։
Պետական մեկ այլ պաշտոնյայի հետ առնչություն ունեցող ընկերությունն էլ հաղթում է կահույքի ու գրասենյակային գույքի մատակարարման մրցույթներում։ 2021 թվականի ապրիլին ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակված Վահան Նարիբեկյանին պատկանող «Արգավանդ կահույք» ընկերությունը մինչև հեղափոխությունը՝ 2017 թվականին, հաղթել էր ընդամենը 2 մրցույթում, 2018-ի ապրիլից սկսած մինչ օրս հաղթել է 152-ում, որոնցից 19-ը` արդեն Նարիբեկյանի՝ պաշտոնյա դառնալուց հետո։ Այս գործարքների ընդհանուր արժեքը գերազանցում է 250 միլիոն դրամը կամ ավելի քան կես միլիոն դոլարը։
«Հետքի» հետ զրույցում Վահան Նարիբեկյանը նշել էր, որ նախկինում իրենց խոչընդոտում էին գնումների գործընթացին մասնակցելու համար, իսկ այժմ դաշտն ազատականացվել է։
Ինչպես Ազգային ժողովում, Կառավարությունում էլ կա բարձրաստիճան պաշտոնյա, ում ընկերությունը հաջողությամբ հաղթում է պետական գնումների մրցույթներում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը ճանապարհների նախագծմամբ ու կառուցմամբ զբաղվող ընկերության՝ Ճաննախագծի գլխավոր բաժնետերն է։
Միայն այս տարվա ընթացքում «Ճաննախագիծ ինստիտուտի» հետ կնքվել է 21 պայմանագիր՝ ընդհանուր 307 միլիոն 556 հազար դրամի կամ մոտ 640 հազար դոլար արժողությամբ։
«Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995-ին, մինչև 2020-ը ընկերության գլխավոր բաժնետերը եղել է Սամվել Բադալյանը՝ Բագրատ Բադալյանի հայրը։ Անցած տարի հայրը սեփական բաժնեմասը՝ 88.13%-ը փոխանցել է որդուն, ով իր հերթին նույն օրը դրանք հավատարմագրային կառավարման է հանձնել կնոջը՝ Մարգարիտա Ագանիսյանին։
Բանն այն է, որ 2020 թվականի ապրիլին Բադալյանն արդեն պետական պաշտոնյա էր։ 2018-ի հունիսից եղել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ՝ մոտ 2 տարի, ապա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար, իսկ 2021 թվականի հոկտեմբերից՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Փաշինյան. Այդ դեպքերն ուսումնասիրված են
Այս հարցին այս տարվա դեկտեմբերի 24-ի ասուլիսում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Այդ դեպքերն ուսումնասիրված են, տեսեք, դուք խոսում եք վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ընտանիքին պատկանող ընկերության մասին, բայց չի ասվում, որ այդ ընկերությունը զբաղվում է ճանապարհների նախագծմամբ: Ես նկատի ունեմ` դա որակավորված աշխատանք է, և հիմա հարց` այդ ընկերությունն այդ մարդու` նախարարի տեղակալ լինելուց առաջ գոյություն ունեցե՞լ է, թե՞ գոյություն չի ունեցել: Դուք գիտե՞ք, որ ՀՀ-ում որակյալ նախագծող ընկերությունների մեծ պրոբլեմ կա», - ասել էր նա:
Բադալյանին պատկանող ընկերությունը գործել է 1995 թվականից։ Պետական գնումների Արմեփս համակարգը, սակայն, տվյալներ է տրամադրում միայն 216 թվականի երկրորդ կեսից։ Համեմատելով վեջին 5 տարվա պայմանագրերը` պարզվում է, որ Ճաննախագիծը ակտիվ չի գործել 2017 թվականին, շահել է միայն 4 մրցույթում, հաջորդ` 2018 և 2019 թվականներին, երբ Բադալյանն արդեն պաշտոնյա էր, կրկին հաղթել են փոքր թվով մրցույթներում, իսկ արդեն 2020-ին և 2021-ին աշխատել են ծանրաբեռնված՝ միասին կնքելով մոտ 677 միլիոն դրամի կամ մոտ 1 միլիոն 400 հազար դոլարի պայմանագրեր։
Հոկտանյան. Թող ներկայացնեն իրենց վերլուծությունների արդյունքը
«Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նկատում է, որ Արմեփսը հնարավորություն չի տալիս տեսնել ընկերության վերաբերյալ եղած ողջ տվյալները սկսած 95 թվականից` ճիշտ վերլուծություններ անելու համար ու պարզելու, թե Բադալյանի բարձրաստիճան պաշտոնյա լինելը նպաստում է «Ճաննախագծի» հաղթանակներին, թե ոչ։
«Հիմա եթե կա քաղաքական կամք, իսկ ներկայումս ես փաստորեն լսելով այդ արդարացումները նույն վարչապետի հարցազրույցից և այլն, ես չեմ տեսնում այդ քաղաքական կամքը, որ իսկապես հասկանար` դա արդար ձևով ստացվել է, թե… միգուցե հա, իրենք դա էլ կարող են, իրենք տեսել են, որ ամեն ինչ արդար է եղել, ու ասում են` նորմալ է, դա էլ կարող է լինել, բայց այդ դեպքում թող ներկայացնեն իրենց վերլուծությունների արդյունքը», - ընդգծեց Հոկտանյանը:
Այս տարի ստեղծված ու կոռուպցիայի տեսանկյունից կասկածելի դեպքերի նախաքննությամբ զբաղվող Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացանք, որ «Եվրոասֆալտին», «Արգավանդ կահույքին» և «Ճաննախագիծին» առնչվող քրեական գործեր և դրանց վերաբերյալ նախապատաստվող նյութեր չկան։