Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Վարչապետի աշխատակազմը հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի դեմ համընդհանուր պայքարին ուղղված միջոցառումները:

Կորոնավիրուսի դեմ ուղղված աշխատանքների ու քայլերի մասին մանրամասն զեկույցով հանդես է եկել ՌԴ մարդու բարեկեցության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի Դաշնային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Պոպովան:

Հանդիպումն ավարտվել է ԱՊՀ պետությունների առաջնորդների ոչ պաշտոնական ճաշով:

Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

Հայաստանի վարչապետը Ռուսաստան է մեկնել այսօր ավելի վաղ: Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպում նախատեսված չէ, բայց շփում Ալիևի հետ Հայաստանի վարչապետը չի բացառել։