Սաակաշվիլին առայժմ կմնա Գորիի զինվորական հոսպիտալում

Վրաստան - Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների ցույցը Թբիլիսիում, դեկտեմբեր, 2021թ․

Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայության տվյալներով՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ժամանակավորապես կմնա Գորիի զինվորական հոսպիտալում։

«Հասարակության մեծ հետաքրքրությունից ելնելով տեղեկացնում ենք, որ այս տարվա դեկտեմբերի 27-ին, դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի բուժման ավարտից հետո, բժշկական անձնակազմը որոշում է կայացրել Միխեիլ Սաակաշվիլիին դուրս գրել Գորիի զինվորական հոսպիտալից։ Միխեիլ Սաակաշվիլին չի ենթարկվել Հատուկ քրեակատարողական ծառայության օրինական պահանջներին՝ իրեն Ռուսթավիի թիվ 12 մեկուսարան տեղափոխելու վերաբերյալ։ Անհանգստանալու պատճառով նա ճնշման տատանումներ է ունեցել, ինչը հանգեցրել է Հատուկ քրեակատարողական ծառայության որոշմանը` ժամանակավորապես հետաձգելու օրինական տեղափոխումը», - ասված է Քրեակատարողական ծառայության հաղորդագրությունում։

Ինքը Սաակաշվիլին, ըստ փաստաբան Նիկա Գվարամիայի, նախօրեին ասել էր, թե կարճ ժամանակով կորցրել է գիտակցությունը՝ տեղեկանալով, որ պլանավորել են իրեն տեղափոխել Գորիի հիվանդանոցից։

Միխեիլ Սաակաշվիլին Գորի քաղաքի ռազմական հոսպիտալում վերականգնողական բուժում էր ստանում 50-օրյա հացադուլից հետո։ Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ նախկին նախագահն անհրաժեշտ բուժումը ստանալուց հետո կվերադառնա Ռուսթավիի բանտ, որտեղ պահվում էր հոկտեմբերին 1-ին կալանավորվելուց հետո։