Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկուստեք նշանակված բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Նա նշել է, որ հանդիպման վայրը ընտրվել է հայկական կողմի ցանկությամբ:
«Երկու կողմն էլ հատուկ բանագնացներ են նշանակել: Առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Բացի այդ, մենք ուզում ենք, որ հանդիպումից առաջ էլ կողմերը ուղիղ շփումներ ունենան»,- ասել է Չավուշօղլուն:
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան գրառմամբ ևս տեղեկացրել է, որ քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը, սակայն հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ, ըստ Հունանյանի, պայմանավորվածություն չկա։
Երևանն ու Անկարան օրերս հայտարարեցին, թե պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չավուշօղլու․ Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացները կհանդիպեն մոտ ապագայում