Երևանի ավագանին 44 կողմ, 10 դեմ ձայնով քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին, ով մինչ այս զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը: 3 քվեաթերթիկ անվավեր է եղել:
Ավելի վաղ` ավագանու արտահերթ նիստին, ավագանին անվստահություն հայտնեց արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին:
Վերջինս հայտարարեց, որ իրեն պաշտոնանկ անելու «Իմ քայլի» նախաձեռնության պատճառն այն է, որ ինքը դեռ մեկ տարի առաջ լքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
«Իմ քայլը» ավելի վաղ հայտարարել էր, որ քաղաքական ճգնաժամ է առաջացել: Երեկ էլ խմբակցությունը տապալեց Երևանի ավագանու հերթական նիստը՝ այս քայլը բացատրելով ավագանու և քաղաքապետի միջև քաղաքական ճգնաժամով։
Նորընտիր քաղաքապետը 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ավագանու անդամ: 2018թ. հոկտեմբերին նշանակվել է քաղաքապետի առաջին տեղակալ։ Եղել է «Առաքելություն» կուսակցության անդամ: