Բաց քննարկման թեմա չէ. Քոչարյան
Իշխանությունը հրաժարվում է մանրամասնել՝ ինչո՞ւ ձերբակալված ադրբեջանցի զինծառայողները չփոխանակվեցին Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ։
Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է՝ դա բաց քննարկման թեմա չէ. «No comment»:
Անպատասխան թողեց նաև հարցը՝ ինչո՞ւ ռուսական կողմն այդքան արագ չմիջնորդեց նոյեմբերին գերեվարված հայ զինծառայողների վերադարձի համար։ Ադրբեջանցիների վերադարձը մեկ օր տևեց, ինչպես հաղորդվեց՝ ռուսական կողմի միջնորդությամբ։ Իսկ Իշխանասարի մարտերում գերեվարվելուց ավելի քան մեկ ամիս անց 11 հայ զինծառայող դեռ շարունակում է գերեվարված մնալ։ Այս ընթացքում հայրենադարձվել են 21-ը։
«Գերիների խնդիրը անպայման լուծվելու է: Որ գերիները…եթե կան գերիներ, և մեզ մոտ էլ լինեն գերիներ, բոլորը բոլորի հետ պետք է փոխանակվեն», - ասաց նա: «Ազատության» հարցին` այս դեպքում ո՞ւմ հետ են փոխանակվել ադրբեջանցի երկու գերիները, նա պատասխանեց. «Ես փոխանակման պրոցեսի մանրուքներին տեղյակ չեմ, բայց եթե գերիները հանձնվել են հակառակորդին, նշանակում է` այդտեղ նաև մեր շահերից և հետաքրքրություններից բխող խնդիրը անպայման գոյություն ունի»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստան վերադարձած բոլոր տասը գերիները հարցաքննվել են, «ձերբակալման որոշում չկա»Թե որն է հայկական շահը, այդպես էլ չմանրամասնեց։ Ինչի՞ դիմաց է հայկական կողմը համաձայնել վերադարձնել ադրբեջանցի զինծառայողներին, Քոչարյանն ասում էր` անպայման տեսանելի կլինի։ Պաշտպանության նախարարության հետ էլ կապ հաստատել չհաջողվեց, ուստի հարցն անպատասխան մնաց։
Չնայած տեղեկությունը սոցիալական ցանցերում, տարբեր Տելեգրամ ալիքներով քննարկվում էր, տեսանյութ ու լուսանկարներ էին տարածվում, բայց ադրբեջանցիների ձերբակալման կամ գերեվարման մասին պաշտոնական աղբյուրները մոտ երկու օր լռություն պահպանեցին։
ՊՆ-ն միայն վերադարձնելուց հետո պաշտոնապես հայտարարեց՝ շաբաթ՝ դեկտեմբերի 18-ին, հայ դիրքապահները ձերբակալել են ադրբեջանցի երկու սահմանախախտ զինծառայողների: Թե որ հատվածից, չմանրամասնեցին։
Երեկ ուշ երեկոյան միայն տեղեկացրին՝ նրանց վերադարձրել են ադրբեջանական կողմին մարդասիրական նկատառումներով։
Հայաստանը պայման պետք է դներ՝ բոլոր հայ գերիները պետք է վերադարձվեին երկու ադրբեջանցիների դիմաց. ընդդիմադիր պատգամավոր
Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը կարծում է՝ Հայաստանը պայման պետք է դներ՝ բոլոր հայ գերիները պետք է վերադարձվեին երկու ադրբեջանցիների դիմաց։ Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում գերեվարված հայերի թիվը 5 տասնյակ է, ոչ պաշտոնական տվյալներով՝ հարյուրից ավելի։
«Երբ մենք ունենք իրավիճակ, որ այսքան ամիս, նույնիսկ տարուց ավելի արդեն ռազմագերիների հարցն ամեն կերպ օգտագործվում է Հայաստանի Հանրապետության դեմ, այսպիսի իրավիճակում, երբ Մարդու իրավունքների պաշտպանն էլ զեկույց էր հրապարակել, և հետևողականորեն պարոն Թաթոյանն այդ հանգամանքները բարձրաձայնում է, թե ինչպիսի պայմաններում են մեր ռազմագերիները գտնվում Ադրբեջանում, կներեք, սա մարդասիրության ժամանակը չէր:
Եվ, ի դեպ, մարդասիրությունը, որպես կանոն, լինում է հավասար պայմաններում: Սա հերթական անգամ այդ անատամ վարքագիծն է այս իշխանությունների: Դա ոչ մի կերպ ՀՀ շահը, շատ բարձր դասելու այդ կարողությունը չունենալն է», - ասաց Վարդևանյանը: