Իշխող խմբակցությունը տապալեց Երևանի ավագանու նիստը

Երևանի քաղաքապետարանի շենքը

Հայկ Մարությանի պաշտոնանկության գործընթաց սկսած իշխող «Իմ քայլը» խմբակցությունն այսօր տապալեց Երևանի ավագանու հերթական նիստը՝ այս քայլը բացատրելով ավագանու և քաղաքապետի միջև քաղաքական ճգնաժամով։

Իշխող խմբակցությունը դեռ երեկ երեկոյան էր հայտարարել, որ այսօրվա նիստին չեն մասնակցի, մինչև տարեվերջ էլ նոր նիստ կհրավիրեն՝ քննարկելու օրակարգի կարևոր հարցերից մի քանիսը։

Հայկ Մարությանից բացի, ավագանու նիստին ներկա էին նաև ընդդիմադիր երկու և իշխող «Իմ քայլը» խմբակցությունների նախկին ու ներկա մի քանի անդամներ։

Վաղն այս դահլիճում գաղտնի քվեարկությամբ քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը կորոշվի։ Ինչպես վերջին երկու տարում, այսօր նույնպես Մարությանը հրաժարվեց հարցազրույցից՝ խոստանալով վաղը խոսել. - «Վաղը կլինի նիստ, բոլոր հարցերի պատասխանը կհնչի»։

Մարությանի պաշտոնանկության գործընթաց սկսած «Իմ քայլը» խմբակցության 65 անդամից շուրջ 10-ը չի միացել այս նախաձեռնությանը։ Սոցցանցերում հայտնվել է խմբակցության ղեկավարի ստորագրությամբ պաշտոնական փաստաթուղթ, որտեղ երևում է, որ ավագանու 63 անդամներից 44-ը կողմ են, որ քաղաքապետը պաշտոնանկ արվի, նրանց թվում է փոխքաղաքապետ Հրաչա Սարգսյանը, որին էլ «Իմ քայլը» վաղը կներկայացնի որպես քաղաքապետի իրենց թեկնածու։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեկտեմբերի 22-ին կքննարկվի Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը

Քաղաքապետի հեռանալուն դեմ է մյուս փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը. - «Եթե լինեի ավագանու անդամ դեռևս, դեմ էի քվեարկելու, որովհետև չեմ կարծում, որ որոշումը բխում է երևանցիների և ժողովրդավարության շահերից»։

«Իմ քայլը» - Մարության առճակատումից հետո մանդատը վայր է դրել Գրիգոր Երիցյանը, Նա այսօր ասաց, թե այլ տարբերակ չի ունեցել, հակառակ դեպքում իր նախաձեռնությունները կչեղարկվեին. - «Ինձ հստակ ասվեց, որ երեք տարիների այն աշխատանքը, որ դու կատարել ես, մեկ օրում ջուրը կգնա։ Խմբակցության ղեկավարը վերջին հանդիպման ժամանակ ասաց՝ պետք է ընտրել քաղաքի համար քո արած աշխատանքը կամ այս մանդատը, մեզ պետք է մեկը, ով որ կգա ցուցակի ներքևից և կքվեարկի Մարությանին դեմ, դու էդ մարդը չես, դու պիտի գնաս։ Իսկ եթե անկախանում ես, դու պետք է հասկանաս, որ դու այլևս ձայն չես ունենալու էս շենքում»։

«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը չհերքեց, որ եղել են այդպիսի խոսակցություններ, բայց ընգծեց՝ ճնշումներ չեն եղել, ուղղակի ասել են, որ թիմի որոշումներին դեմ գնալը չի բխում նաև երևանցիների շահերից. - «Պարոն Երիցյանի հետ պետք էր հստակ դրսևորումը հասկանալ»։

Ավագանու արդեն նախկին անդամ Երիցյանը հայտարարեց, որ խմբակցության նիստում հնչել է կարծիք, որ պետությունը կկրճատի Երևանի սուբվենցիաները՝ եթե Մարությանը մնա, և ոչ միայն. - «Վերջին մեկ տարվա ընթացքում պետությունը կտրել է լուսավորության գումարը, ասֆալտապատման գումարը։ Այսինքն՝ բոլոր սուբվենցիաները կրճատվել են, որ այսօր ասվի՝ գիտեք ինչ, քաղաքապետը լավ չի աշխատում։ Բայց իրականում պատճառը հենց դա է եղել»։

Ավելի ուշ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Ազատությանը» փոխանցեց, թե խմբակցության նիստի քննարկումները հրապարակային դարձնելն կոռեկտ չէ, և պնդեց, թե Երիցյանը կոնտեքստից կտրել է ասվածը. - «Պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով ստեղծված տնտեսական վիճակով պայմանավորված՝ պետական բյուջեի որոշ հոդվածների կրճատումներ են եղել, այդ թվում նաև տեղական ինքնակառավարման մարմիններին տրվող պատվիրակված լիազորությունների մասով։ Եվ եթե տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը լավ հարաբերություններ չունի կառավարության հետ, ապա նա չի կարող արդյունավետ կերպով բանակցել, ներկայացնել խնդիրների խորությունը, որ հիմա կառավարությունը անհրաժեշտություն կհամարի ֆինանսական միջոցներ տրամադրել։ Կարևոր ա կառավարություն և համայնք հարաբերությունները հատկապես Երևանի պարագայում»։

Լուսինե Մխոյանը ոչ մանդատից է հրաժարվել, ոչ էլ խմբակցությունն է լքել, բայց դեմ է, որ Մարությանը հեռանա։ Ասաց՝ որպես ճարտարապետ, կամավորական սկզբունքով ընգրկված է վերակառուցման մի քանի ծրագրերում։ Պատմեց՝ խմբակցությունից իրեն հայտնել են, որ շահերի բախում են տեսնում դրանում։ Ըստ Մխոյանի, իրեն նաև հղիությամբ և քովիդով պայմանավորված բացակայություններ են հիշեցրել. - «Փորձում էին դրանով ինձ շանտաժի ենթարկել՝ ասելով թե՝ քո բացակաների հիման վրա կհանենք ավագանիից։ Այնինչ, եթե նայենք կուսակցական ավագանիների բացակաների քանակը իմ հարգելի բացականերից անհամեմատ ավելի շատ կլինի»։

«Քաղաքական որոշումը չպաշտպանողները ճիշտ կլինի մանդատը վայր դնեն», - ասաց Գալջյանը։ Բացակայություններն էլ, ընդգծեց, անցել են թույլատրելիի շեմը։

Հարցին՝ եթե կողմ քվեարկեր, բացակայությունների մասին կհիշեցնեին, Գալջյանն արձագանքեց. - «Մենք քաղաքական պաշտոն ենք զբաղեցնում, բացակայությունների հիմքով մանդատից զրկելը պետք է նաև համընկնի քաղաքական դիրքորոշումների հետ»։

Քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքն առաջին օրվանից քննադատող ավագանու ընդդիմադիր «ԲՀԿ» խմբակցության նախագահ Միքայել Մանրիկյանն ու «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը կողմ են, որ Մարությանը հեռանա։

«Ես ցավում եմ, որ «Իմ քայլը» հիմա է սկսել, չի միացել մեզ դեռևս 2019 թվականին, երբ որ մենք բարձրաձայնում էինք այս խնդիրների մասին», - ասաց Մանրիկյանը։

«Իմ համար սկզբունքային է նաև, որ քաղաքական թիմը լքած մարդը պետք է քաղաքապետի պաշտոնից, առհասարակ մանդատ կրող մարդը պետք է վայր դնի մանդատը», - իր հերթին ասաց Անի Խաչատրյանը։

«Իմ քայլը» խմբակցությունը լքած, բայց մանդատից չհրաժարված Իզաբելլա Աբգարյանը տարօրինակ է համարում, որ խմբակցության նիստերին չներկայացած, Մարությանի առջև խնդիր չդրած ավագանու անդամներն այսօր նրան մեղադրում են չաշխատելու մեջ։ Ցույց տալով քաղաքապետարանի այն պատը, որտեղ Երևանի բոլոր քաղաքապետերի լուսնակարներն են փակցված՝ Աբգարյանն ասաց, թե Մարությանն այս շարքում միակը կլինի, ում անվստահություն հայտնելով են հեռացրել. - «Մարությանը արժանի չէ դրան։ Եվ այստեղ կախված է Հրաչյա Սարգսյանի լուսանկարը նույնպես, ում հետ երևանցին չի շփվել, քարոզարշավին չի տեսել, ծանոթ չէ նրա տեսակին, նրա մոտեցումներին։ Սա ուղղակի կներեք, այս երեք պատը, որտեղ բոլոր քաղաքապետներն են Երևանի, անպատվել է ինձ համար»։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհիմնա Վարդանյանն ու խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրեթե նույն դիրքորոշումն ունեն. Մարությանին միշտ են քննադատել և նրա հարժարականը պահանջել, բայց հիմա չեն մտնելու իրենց բնորոշմամբ՝ «քաղաքական խաղերի մեջ»։ Հետևաբար վաղը դեմ են քվեարկելու Մարությանի հեռանալուն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հնարավոր չէ լինել Երևանի քաղաքապետ և չզբաղվել քաղաքականությամբ». «Իմ քայլը» խմբակցության ղեկավար
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարությանը բարձր վարկանիշ ունի, պրոցեսների բանալին պետք է փնտրել այդտեղ. Երևանի քաղաքապետի խոսնակ