ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր վարչակազմին չորս շաբաթ է տվել Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժումը կանխելու համար, հայտնում Է CNN-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյայի:
Ինչպես հեռուստաալիքին հայտնել է աղբյուրը, Բայդենը վախենում է 2014 թվականի սխալների կրկնությունից, երբ Միացյալ Նահանգները և Եվրամիությունն «անակնկալի էին եկել» Ղրիմի միացմամբ: Այս անգամ ԱՄՆ առաջնորդն ազգային անվտանգության հարցերով իր օգնականներին հանձնարարել է օգտագործել բոլոր հնարավոր գործիքները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զսպելու համար։
Հեռուստաալիքն ընդգծում է` ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը դեռևս նոյեմբերին այցելել էր Մոսկվա, որպեսզի «ուղիղ զգուշացնի Պուտինին»։ Սակայն Ռուսաստանը շարունակել է զորքերն ավելացնել Ուկրաինայի հետ սահմանին, ուստի Վաշինգտոնը որոշել է «խաղաղ դիվանագիտությունից» անցնել հրապարակային սպառնալիքների։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը պատրաստվում է սեղանին դնել անվտանգության իր մտահոգություններըՄոսկվան այս ֆոնին հրապարակավ երաշխիքներ է պահանջում ՆԱՏՕ-ից, որ դաշինքը չի ընդլայնվի Ուկրաինայի հաշվին։ Պաշտոնական Մոսկվան Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների միջև անվտանգության երաշխիքների և անվտանգության ապահովման միջոցառումների մասին համաձայնագրի նախագծերը փոխանցել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Կարեն Դոնֆրիդին, ով դեկտեմբերի 15-ին այցելել էր Մոսկվա:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել էր, որ Վաշինգտոնն ուսումնասիրում է պայմանագրերի նախագծերը։ Փսակին նշել է, որ ԱՄՆ-ն բանակցություններ չի վարի առանց ԵՄ գործընկերների մասնակցության։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես հաստատել է, որ դաշինքը ստացել է Ռուսաստանի առաջարկները: Նրա կարծիքով՝ դրանք պետք է դիտարկվեն՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի մտավախություններն ու Ուկրաինայի դիրքորոշումը։
Մոսկվան մինչդեռ շտապ պատասխան է պահանջում և չի ուզում, որ Վաշինգտոնը Ռուսաստանիի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները վերածի դանդաղ ընթացող գործընթացի:
«Ես կարծում եմ, որ նրանք կփորձեն այս ամենը տեղափոխել դանդաղ ընթացող գործընթացի, իսկ մեզ դա շտապ է հարկավոր, քանի որ իրավիճակը շատ ծանր է, լարված է, հետագա բարդացման միտում ունի», - այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը` միաժամանակ վստահեցնելով, թե ամերիկյան կողմը չի հրաժարվի Մոսկվայի առաջարկներից։
Առաջարկների հիմքում պայմանագրի տեսքով երաշխիքներն են, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի ընդլայնվի դեպի արևելք, և հատկապես որ Ուկրաինան չի ընդգրկվի դաշինքի կազմում։
«Ռուսաստանը չպետք է թելադրի ՆԱՏՕ-ի գործընկերներին ինչպես վարվել»
Նոյեմբերից արևմտյան լրատվամիջոցներն ակտիվ անդրադառնում են Ուկրաինա ռուսական ենթադրյալ ներխուժման և դրա հետևանքով Ռուսաստանի դեմ պարտադիր պատժամիջոցների թեմային: Հավանական միջոցների թվում նշվում են «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկման չեղարկումը, ռուսական էներգաընկերությունների դեմ սահմանափակումները և SWIFT ֆինանսական հաշվարկների համակարգի անջատումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի դեմ դիտարկվում են նոր, առավել կոշտ ու ցավոտ պատժամիջոցներ Ուկրաինայի վրա հարձակման դեպքումԳերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը հայտարարել է, թե պատժամիջոցների նոր փաթեթում, որը կարող է գործողության մեջ դրվել Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման դեպքում, պետք է ներառվեն պատժամիջոցներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատի դեմ:
«Նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում ագրեսիայի համար, պետք է անձամբ զգան հետևանքները։ Օրինակ, նրանք այլևս չեն կարողանա այցելել Փարիզ՝ գնումների համար», - ասել է Լամբրեխտը գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում:
Անհատական պատժամիջոցները, որպես կանոն, նախատեսում են Եվրամիություն մուտքի արգելք և ակտիվների սառեցում:
Գերմանիայի պաշտպանության նախարարը, որը ներկայացնում է իշխող կոալիցիայի ուժեղագույն կուսակցությունը՝ սոցիալ-դեմոկրատներին, շեշտել է, թե Ռուսաստանը ագրեսոր է Ուկրաինայի նկատմամբ, և ինքը «լավ է հասկանում Ուկրաինայի հետ սահմանին ռուսական մեծաթիվ քանակի զորքերի կենտրոնացման կապակցությամբ ուկրաինացիների մտավախությունները»:
«Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի դադարեցնենք էսկալացիան։ Դա ներառում է նաև կոշտ պատժամիջոցների սպառնալիք», – հայտարարել Է նախարարը։ Ընդ որում, նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք սահմանափակումների փաթեթում կարող է ընդգրկվել «Հյուսիսային հոսք 2» գազատարը նաև։
Կիրակի Լիտվա կատարած այցի ժամանակ Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Արևմուտքը պետք է բանակցի Ռուսաստանի հետ, այդ թվում՝ անցած շաբաթ Ռուսաստանի կողմից առաջ քաշած նախաձեռնությունների շուրջ։ Միևնույն ժամանակ Գերմանիայի պաշտպանության նախարարը ընդգծել է, թե «Ռուսաստանը չպետք է թելադրի ՆԱՏՕ-ի գործընկերներին ինչպես վարվել»:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը նախօրեին Spectator TV հեռուստաալիքի եթերում քիչ հավանական է համարել, որ Ուկրաինա ուղարկվեն բրիտանական զորքեր, քանի որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ չէ: «Մենք չպետք է խաբենք մարդկանց այդ կապակցությամբ», - ասել է նա:
Ամերիկացի զինվորականներին երկիր ուղարկելու հնարավորությունը նախկինում մերժել էր նաև Սպիտակ տունը։
Միաժամանակ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը խոստովանել է, որ զինված ագրեսիայի դեպքում Ուկրաինան ստիպված կլինի պաշտպանվել ինքնուրույն: Ընդ որում, նա նշել է, որ Կիևը լայնամասշտաբ պատերազմի դեպքում ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական սպառազինության մատակարարման կարիք կունենա: