Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր երեք տարվա աշխատանքի շնորհիվ բավական մեծ, բավական բարձր հանրային վարկանիշ ունի, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ շեշտելով՝ այս ամբողջ պրոցեսի պատճառների բանալին պետք է փնտրել այդ փաստի հետևում։
Խոսնակը երեկ մեկ դրվագ նշեց քաղաքապետի և իշխող խմբակցության հարաբերություններից։
«2021 թվականի փետրվարին, երբ քաղաքապետը հայցում էր ավագանու համաձայնությունը քաղաքի համար ավտոբուսներ ձեռք բերելու, այդ պահին 161 ավտոբուս, հետո գումարվեց ևս 50-ը՝ 211 ավտոբուս, կուլիսային գործընթացի միջոցով մեծամասնություն կազմող ֆրակցիան փորձում էր ձախողել գործընթացը, համաձայնությունը։ Կարծում եմ երևանցիներին երկար բացատրելու կարիք չկա, թե ինչ առանցքային նշանակություն ունի քաղաքի կյանքի համար առհասարակ տրանսպորտային բարեփոխումը, որի շատ կարևոր պայմաններից մեկը այդ ավտոբուսների ձեռբերումն է։ Սա, կրկնեմ, կուլիսային գործընթաց էր, սա ոչ թե հրապարակային բանավեճ էր», - պատմեց Կարապետյանը՝ այն որակելով «սաբոտաժ»։
Նա ընդգծեց՝ այդ ժամանակ երկիրը ներքաղաքական մեծ լարման մեջ էր և Մարությանն այդ պայմաններում չէր կարող բարձրաձայն խոսել խնդիրների մասին։ «Խնդիրները բազմազան են, ինչպես ասացի, դրանց մասին առիթ կլինի խոսելու», - եզրափակեց խոսնակը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․