Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման և Հարավային Կովկասի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցեր, հաղորդում է պաշտոնական Բաքուն:
«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ հանձնաժողովի գործունեությանը, տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը և այլ հարցերի», - նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Ալիևն ու Օվերչուկն այսօր քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարները` ընդգծելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում, հատկապես նշվել է ապրանքաշրջանառության աճը, միաժամանակ ընդգծվել, որ լավ ներուժ կա տնտեսական համագործակցության հեռագա ընդլայնման համար:
ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու համար նոր հայտեր դեռ չեն եղել. ՀՀ ԱԳՆ
Երեկ Օվերչուկը Բաքվում մասնակցել է «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» խորագրով համաժողովին: Իր ելույթի մեծ մասը ռուսաստանցի պաշտոնյան նվիրել է Եվրասիական տնտեսական միությանը` շեշտելով, թե միության հետ համագործակցությունը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ կբացի:
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը Մոսկվան զգուշավոր կապում է Եվրասիական տնտեսական միությունում Ադրբեջանին որպես դիտորդ հրավիրելու նոր գաղափարի հետ: Ու թեև Բաքուն դեռ լուռ է և ԵԱՏՄ-ի հետ իր պլանները չի մեկնաբանում, թեման Մոսկվան սկսել է ակտիվ քննարկել տարբեր հարթակներում։
Եվրասիական տնտեսական միության հիմնական սկզբունքներից է՝ մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը: Տեսականորեն այս սկզբունքը կարող է օգտագործվել նաև այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» գործարկման դեպքում, համենայնդեպս, նման մեխանիզմ ռուսական կողմը, «Ազատության» աղբյուրի համաձայն, քննարկում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։
Ադրբեջանին որպես դիտորդ ԵԱՏՄ հրավիրելու գաղափարն առաջարկել էր Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով մտերիմ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Ռուսաստանի նախագահների հետ։ Ավելին, մի քանի տարի առաջ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում մեծ դեր էր ունեցել հենց Նազարբաևը։
Ամեն դեպքում Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի այսօրվա հայտարարության համաձայն` Եվրասիական միությունում դիտորդի կարգավիճակ տալու համար նոր հայտեր դեռ չեն եղել։
Բաքուն առաջ է տանում «Զանգեզուրի միջանցքի» մասին իր տեսակետը
Ռուս-ադրբեջանական հարաբերություններին նվիրված համաժողովին Օվերչուկը երեկ է ելույթ ունեցել, սակայն սպասել է, մինչև Ալիևը վերադառնա Բրյուսելից և այսօր հանդիպել նրա հետ: Իսկ համաժողովին քննարկվել է ոչ միայն ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցությունը, այլ նաև Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների նոր հեռանկարները: Այս համատեքստում Ադրբեջանի փոխարտգործնախարար Շախին Մուստաֆաևը կրկնել է Ալիևի վերջին հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը «Զանգեզուրի միջանցքը» համեմատում է Լաչինի հետ, Փաշինյանը՝ հակադարձում«Ինչպես նախագահ Իլհամ Ալիևն է ասել, Զանգեզուրի միջանցքը պետք է գործի Լաչինի միջանցքի նման։ Եռակողմ հայտարարություններում բացահայտ ասվում է, որ Ադրբեջանն ապահովում է անվտանգ անցումը Լաչինի միջանցքով, և Հայաստանը պետք է մեզ ապահովի նույն անարգել անցումը Զանգեզուրի միջանցքով։ Մինչ օրս Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան։ Նույնը պետք է լինի Զանգեզուրի միջանցքում։ Եթե նրանք պնդեն, որ մաքսակետեր տեղադրվեն Զանգեզուրի միջանցքով ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու համար, ապա մենք կպնդենք նույն պայմանները Լաչինի միջանցքի համար»,- ասել է Ադրբեջանի փոխվարչապետը։
Հակադարձել է արդյոք Մուստաֆաևին Օվերչուկը, թե ոչ, հայտնի չէ։
Նոյեմբերի 5-ին Երևանում Օվերչուկը Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե «ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն այդ այդ ճանապարհները»:
«Ազատության» հարցմանն ի պատասխան` Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ մոտ օրերս Երևանում կայանալու է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հաջողվել է համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում