ՍԴ-ն շարունակում է քննել ՊՇՌ թեստի բացասական պատասխանով աշխատանքի ներկայանալու մասին հրամանի սահմանադրականությունը

Սահմանադրական դատարանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ։

Բարձր դատարանն առաջիկա օրերին կհրապարակի իր որոշումն այն մասին, թե արդյո՞ք Սահմանադրությանը հակասում էր Առողջապահության նախարարի հրամանը, որով չպատվաստված քաղաքացին պետք է աշխատանքի ներկայանա միայն ՊՇՌ թեստի բացասական պատասխանով։

Մինչ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների բողոքի հիման ՍԴ-ում վիճարկվում է Առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականության հարցը, խորհրդարանը նախորդ շաբաթ օրենքի ուժ տվեց այդ հրամանին՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելով կառավարության նախագիծը։ Այսպիսով, գործատուն արդեն օրենքի ուժով կարող է ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող չպատվաստված աշխատակցին ազատել աշխատանքից։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանն իր եզրափակիչ ելույթում մեջբերեց Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի խորհրդարանում նախորդ շաբաթ ունեցած ելույթից մի հատված. - «Նախարարի այդ հրամանի մասով մենք էլի քննադատություններ ենք հնչեցրել՝ հրամանով չի կարելի նման պարտադրանք դնել, և այս օրենքն է պետք։ Հիմա այդ օրենքը բերել ենք, որպեսզի այդ պարտադրանքը, որ իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, սահմանափակենք օրենքով։ Բարձր դատարան, կարծում եմ, այս հատվածը ինքնախոստովանություն է։ Բարձր դատարանի առջև երբ մենք նշում էինք, որ այս ռեֆորմը իրականում ոչ թե հանրությանը պատշաճ կոմունիկացնելու, ոչ թե ճշգրիտ թիրախներին հասնելու, այլ պարտադրանքի գործիք է, որոշակի կասկած էր առաջանում»։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ, Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանն իր եզրափակիչ խոսքը սկսեց վիճակագրությամբ՝ հրամանի ուժի մեջ մտնելուց հետո ընդհանուր պատվաստումների թիվն այսօր 1 միլիոն 500 հազարից անցել է, օրեցօր ավելի շատ մարդ է պատվաստվոտվում. - «Կարող ենք փաստել, որ պատվաստումների գործընթացը արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունը, քանի որ համաճարակային վարակելիության թիվը նվազել է այսօրվա դրությամբ, և մեծամասամբ դա գնահատվում է որպես ձեռնարկված միջոցառումների արդյունավետություն»։

ՍԴ-ն պետական մարմիններից պահանջել էր ՊՇՌ թեսթի և պատվաստվելու պահանջները չկատարելու դեպքում աշխատանքից ազատելու վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն տրամադրել։ Վարչապատի աշխատակազմի ղեկավարից պատասխան են ստացել, որ աշխատակազմում, կառավարությունում և նախարարություններում աշխատանքից ազատելու դեպքեր չեն գրանցվել։

Պատասխանը չի բավարարել միջնորդության հեղինակ՝ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանին։ Նա ասաց, որ ինքը 24 ոլորտի վերաբերյալ էր տեղեկություն խնդրել. - «Սա անգամ հնարավորինս մոտ տեղեկատվության շրջանակում չէ, որովհետև ընդամենը մի քանի տոկոս է կազմում»։

Աննա Մկրտումյանը կարճ պատասխանեց դատավորի այս հարցին. - «Սանիտարական կանոնը ինքնին չի նախատեսում և չի էլ կարող նախատեսել իրավական հետևանք աշխատողի աշխատանքից ազատվելու հետ կապված»։

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն այդպես էլ չի ստացել իրեն հետաքրքրող հարցի պատասխանը՝ պատվաստման հակացուցում ունեցող մարդիկ արդյո՞ք մյուսներ հետ հավասար պարտավոր են թեստ հանձնել։

Նախարարության ներկայացուցիչն ասաց՝ այդպիսի քաղաքացինեը փոքր թիվ են կազմում. - «Թեստավորման պարտականությունից ազատված են փասագրված բացարձակ հակացուցում ունեցող անձինք, որոնք Հայաստանի Հանրապետությունում շատ քիչ են՝ 10-15 հոգի կարող են թվարկվել։ Եվ վերջինները կարող են տեղավորվել արդեն իսկ պատվաստված և ՊՇՌ հետազոտություն անցած անձանց կողմից ստեղծված իմունային շերտի ներքո։ Վերջիններիս համար պատվաստման պարտականություն որպես այդպիսին նախատեսված չէ և նպատակահարմար էլ չէ»։

Արամ Վարդևանյանի խոսքով, կորոնավիրուսի դեմ պետք է համառ պայքար մղել։ Նա օրինակ բերեց իր ընտանիքը, որի բոլոր անդամները պատվաստվել են։ Բայց դա չպետք է արվի պարտադրանքի հաշվին։ Ըստ նրա, անգամ եթե այս ընթացքում վիճարկվող հրամանն օրենքի ուժ ստացավ, միևնույն է, եթե Սահմանադրական դատարանը ոչ իրավաչափ ճանաչի նախկին հրամանը, դա ուղիղ անդրադարձ կունենա նաև հենց օրենքի կիրառման վրա. - «Կարող է Սահմանադրական դատարանը մեկ, երկու, երեք չափորոշիչ նախատեսի, որոնք էլ և կլինեն այդ հարմոնիզացնող, իրավիճակը ճիշտ տեղը դնող հանգամանքները։ Այդ ելակետերը կարող է դնել հենց Սահմանադրական դատարանը, որը արդեն նույնիսկ օրենքի պայմաններում կանխորոշիչ է լինելու, որովհետև Սահմանադրական դատարանի որոշումները պարտադիր են բոլորի համար»։

Մինչ երկրի բարձրագույն դատական ատյանում կորոշեն արդյոք Սահմանադրությանը հակասում էր թե ոչ նախարարի հրամանը, Հայաստանը շարունակում է պատվաստումների ցուցանիշով տարածաշրջանի հետնապահը մնալ։ Վերջին տվյալներով, ամբողջովին պատվաստված է չափահաս բնակչության ընդամենը 27 տոկոսը։