Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։
Հայասատանի վարչապետի գրասենյակի փոխանցմամբ, Փաշինյանը կարևորել է վերը նշված հայտարարությունների լիարժեք կյանքի կոչումը, մասնավորապես, ընդգծելով հումանիտար խնդիրների անհապաղ լուծման անհրաժեշտությունը` ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը:
«Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան»
Անդրադառնալով տարածաշրջանային կումունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքներին՝ Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան։
Կարևորվել է տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը, անդրադարձ կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման, ինչպես նաև փոխվստահության հաստատմանը միտված հնարավոր քայլերին։
Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։
«Հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում»
Ադրբեջանական կողմն էլ հաղորդում է, որ հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում, մի շարք հարցերի թվում լայնորեն քննարկվել է նաև կապի և տրանսպորտային ուղիների բացման հարցը։
Ըստ Ադրբեջանի, հայկական կողմը վերահաստատել է իր տարածքով երկաթգծի կառուցումը և նշել, որ շուտով կսկսի դա։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովել մաքսային ու սահմանային հսկողության հարցերը՝ փոխադարձության սկզբունքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Շառլ Միշելը կարևորել են երկխոսության շարունակությունը և ամրապնդումը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շառլ Միշելը և Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը