«Մի մաս փչանա, չենք կարողանա գտնել, ֆիրման էլ չի արտադրում». գիտնականները ժամանակակից սարքավորումների կարիք ունեն

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում սարքավորումներից մեկն այնքան հին է, որ եթե լամպը այրվի, նորն այլևս չի ճարվի. դրանք վաղուց արտադրությունից դուրս են եկել։ Տնօրենը տարիների ընթացքում հավաքել է հենց այս սարքի համար նախատեսված Հայաստանում եղած բոլոր լամպերը, իսկ դրանք սպառելուց հետո աշխատանքները ստիպված կդադարեցվեն։

Այս լաբորատորիայում ալցհայմերի հիվանդության բուժման համար դեղամիջոց են ստեղծում, բայց որակյալ արտադրանք տալու համար նախ հնամենի սարքերը պետք է փոխվեն, ասում է ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանը. «Աստված չանի` մի ուրիշ բան փչանա, մի ուրիշ մաս, դա էլ չենք կարողանալու գտնենք, որովհետև սարքող ֆիրման արդեն սա չի սարքում:

Եթե ձեզ տալիս են մեքենա, հետը բենզին չեն տալիս, դուք մի մետր անգամ առաջ չեք գնա։ Դրա համար ժամանակակից սարք ձեռք բերելը, որը կապահովի անընդհատությունը աշխատանքի, նրա լամպը եթե փչացավ, այսօր արտադրության մեջ կա, այդ լամպը կարող ենք գնել ու տեղադրել ու անընդհատ աշխատել, այդ կողմից էլ շատ կարևոր է»:

Դեղաբանության և պատոհիստոլոգիայի լաբորատորիայի վարիչ Հրաչիկ Գասպարյանը հավելում է. «Ինչ արել ենք` արել ենք մեր ներվերի, մեր անձնական միջոցներով, որպեսզի կարողանանք այս ուղղությունները տանել»։

Նա ղեկավարում է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի դեղաբանության լաբորատորիան։ Թեև սա կենտրոնի ամենամեծ լաբորատորիան է, բայց բոլորովին չի փայլում ժամանակակից սարքավորումներով։

«Հոդվածի մեջ ասում են՝ նշեք` ի՞նչ սարքավորումով եք աշխատում, հենց որ տեսնեն` այ սենց բանով ենք մենք աշխատում` մեր ձեռքով սարքած, մեզ կասեն՝ դուք ավելի է` գնացեք, մի ուրիշ մասնագիտությամբ զբաղվեք, էլ չեմ ասում՝ ինչ։

Մեզ պետք են սարքավորումներ, սեղաններ, փորձանոթներ, տարբեր տեսակի ռեակտիվներ, որոնք շատ թանկ են, իսկ դրա համար մեզ աջակցել է պետք: Երբ մենք կկանգնենք ոտքի, այդ ժամանակ այդ ռեակտիվների փողն էլ կվերադարձնենք, մնացածն էլ, մենք կդառնանք պահանջված, և մեզ կտան պատվերներ»:

Հայաստանում գիտության զարգացման մասին խոսում են տարիներ շարունակ ու բոլոր կառավարությունները, լուրջ առաջընթաց, սակայն, չկա. պատճառները տարբեր են՝ ցածր ֆինանսավորումը, ցածր աշխատավարձերը և այլն: Վերջերս կառավարությունը որոշեց հունվարից մի քանի անգամ բարձրացնել գիտաշխատողների աշխատավարձերը, պաշտոնական տվյալներով՝ հաջորդ տարի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը 2021-ի համեմատ կավելանա 83 տոկոսով՝ կազմելով շուրջ 51 միլիոն դոլար։ Գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները ևս կավելանան 2.5 անգամ՝ կազմելով 13.6 միլիոն դոլար:

Իրենք՝ գիտնականները աշխատավարձի բարձրացումը դեռ բավարար չեն համարում: Կենսաբան Սոնա Բուլոյանը սեփական օրինակն է բերում՝ հյուսվածքաբանական լաբորատորիայում մի հետազոտությունը ամենաքիչը մի շաբաթում է անում, ժամանակակից սարքերով դա մի քանի ժամ կտևի. «Աշխատավարձի բարձրացումը չի գրավի աշխատողներին, եթե չկան համապատասխան պայմաններ, որովհետև պրեսպեկտիվա էլ է պետք տեսնել, պետք է տեսնել, որ քո աշխատանքը կգնահատվի, կամ քո աշխատանքը որոշակի պարագայում մարդկության համար անհրաժեշտ կլինի»:

Հնարավո՞ր է արդյոք հին սարքավորումներով մրցունակ արտադրանք տալ, հարցին Գիտության կոմիտեի փոխնախագահի պատասխանը միանշանակ է. «Ո՛չ, հնարավոր չէ մրցունակ արդյունք ցույց տալ գիտական հին սարքավորումներով»։

Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող գիտության կոմիտեն է զբաղվում գիտության համակարգային խնդիրներով։ Փոխնախագահ Արթուր Մովսիսյանն ասում է՝ գիտնականների աշխատավարձերի բարձրացումը առաջին քայլն է, կարծում է՝ առաջիկա 5 տարվա ընթացքում սարքավորումներն էլ կթարմացվեն. «Սարքավորումների համար մենք մտածում ենք համատեղ օգտագործման կենտրոններ ստեղծել, որպեսզի եզակի սարքավորումները թանկարժեք մենք չենք կարող թույլ տալ մի քանի հատ գնել, բայց գոնե գնենք մեկ-մեկ էքզեմպլյարներ, որոնք կլինեն ամեն մի ոլորտի համար տեղակայված մեր արդեն իսկ գործող ենթակառուցվածքներից որևիցե մեկում»:

Երջանիկ բացառություններ էլ կան. օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող Ալեքսան Շահխաթունին շուրջ 50 տարի նոր սարքավորման էր սպասում։ Վերջերս կենտրոնը միջուկային մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) սպեկտրոմետր է ձեռք բերել, որով Շահխաթունին կարողանում է ուսումնասիրել տարբեր քիմիական ռեակցիաներ արդեն ժամանակակից եղականով. «Լավատես ենք և սպասում ենք, որ վերջապես փոփոխվելու է ամեն ինչ», - ասում է նա: