Մատչելիության հղումներ

Հայազգի Արտեմ Փաթափությանը՝ բժշկագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիր


Բժշկագիտության ոլորտի այս տարվա Նոբելյան մրցանակի դափնեկիրը մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանն է։ Բեկումնային համարվող հայտնագործության համար մրցանակը նա կիսում է ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Դեյվիդ Ջուլիուսի հետ։ Այս գիտնականները Նոբելյան կոմիտեի գնահատմամբ՝ տվել են մարդու օրգանիզմի վերաբերյալ ամենակարևոր հարցերից մեկի պատասխանը՝ «ինչպե՞ս ենք մենք զգում մեր շրջակա միջավայրը»։

«Ինչպե՞ս են սկսում գործել նյարդի ազդակները, որ ընկալեն ջերմությունն ու ճնշումը։ Այս հարցը լուծվել է այս տարվա Նոբելյան մրցանակի դափնեկիրների կողմից», - հայտարարել է Նոբելյան հանձնաժողովը։ Ջերմության և շոշափելիքի ռեցեպտորների վերաբերյալ Փաթափությանի ու Ջուլիուսի հայտնագործությունը մեծապես կնպաստի մի շարք հիվանդությունների, տրավմաների, սուր ու քրոնիկ ցավերի բուժմանը։

Ինքը՝ հայազգի 54-ամյա գիտնականը դեռ տարիներ առաջ այսպես է նկարագրել իր հետազոտությունը. «Մեզ հետաքրքրում է այն, ինչ կոչվում է մեխանիկական զգացողություն, այն է, թե ինչպես են բջիջները ուժի միջոցով զրուցում միմյանց հետ: Սա այն է, ինչ մենք սովոր ենք զգալ՝ մեղմ քամին ձեր թևին կամ մուրճի հարվածը ձեր մատին: Սրանք մեխանիկական ուժեր են, որոնք կարող են վերածվել ազդանշանների, որոնք մենք օգտագործում ենք մեր միջավայրն իմաստավորելու համար: Այսպիսով, մեր հետազոտությունը վերաբերում է ոչ միայն հպմանն ու ցավի զգացողությանը, այլև նյարդագիտությունից դուրս այլ հիվանդություններին և կենսաբանական գործընթացներին: Օրինակ, թե ինչպես ենք մենք զգում արյան ճնշումը, ինչպես ենք զգում ոսկրերի խտությունը և կենսաբանության շատ այլ ասպեկտներ», - ասում է նա:

Փաթափությանը ծնվել է Բեյրութում, այնուհետև Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ։ Այժմ ղեկավարում է կենսաբանական և բժշկական հետազոտություններ իրականացնող SCRIPPS հաստատության «Փաթափության փորձագիտական լաբորատորիան»: Տեսանյութերում նա հաճախ է խոսում միգրանտների զավակ լինելու, գիտության կարևորության մասին. «2016 թվականին կազմակերպվելու էր երիտասարդ գիտնականների համար դպրոց, որտեղ դասախոսություններով հանդես եկավ նաև Արտեմ Փաթափությանը», - պատմում է երիտասարդ գիտնական Հովսեփ Ղազարյանը:

Նա իրեն կրկնակի հաջողակ է համարում, որ ոչ միայն Փաթափությանի այս դասախոսությանն է մասնակցել, այլև դրանից զատ ևս մեկ անգամ արդեն մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում հնարավորություն է ունեցել նոբելյան մրցանակակրի հետ շփվելու, հարցեր տալու. «Իր գիտական աշխատությունների շուրջ էր ինքը պատմում, իր գիտական հետաքրքրություններն ընդհանրապես ջերմության և շոշափելի մեխանիկական զգացմունքների` ռեցեպտորների մասին էր, թե ինչպես է մաշկից, օրինակ, ջերմությունը հասնում ուղեղ նյարդային ազդակների միջոցով, ու նաև նյարդաբանությունը բավականին հետաքրքիր ուղղություն է հիմա ու բավականին շատ ուսումնասիրվող, ու դրա համար բավականին հետաքրքիր էին իր դասախոսությունները»:

Հատկապես երիտասարդ գիտնականների համար կարևոր են նման կայացած մասնագետների դասախոսությունները, ասում է Հովսեփյանը, այսպիսով նաև Հայաստանի հետ գիտական կապն է ամրապնդվում. «Իր կայացվածությամբ ինքը բավականին երիտասարդ տարիքում վարիչ էր Կալիֆորնիայում ու բավականին բանի հասել էր ժրաջան աշխատանքի միջոցով, ու նաև ինքը մեզ` երիտասարդներին խորհուրդներ էր տալիս, թե ինչպես կարող ենք մեր մասնագիտական կարիերան արտասահմանում կառուցել, ինչպես հասնել բարձունքների»:

Փաթափությանը 2016-ին նաև Երևանի բժշկական համալսարանում է դասախոսություններ կարդացել, հաջորդ հրավերը համալսարանն արդեն այսօր է նրան ուղարկել, ասում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը. «Սա ևս ընդգծում է, որ դրանք հասանելի բարձունքներ են և հասու են յուրաքանչյուրին, ով աշխատասեր է, նախաձեռնող է, պատասխանատու է, ժամանակակից կոմունիկացիաները թույլ են տալիս դա շատ արագ անել, և երիտասարդության համար շատ ոգևորիչ է դա, որ իրենց հայրենակիցը կարողացավ աշխարհին ի ցույց դնել, որ մենք էլ կարող ենք բացահայտել ամենաբարդ մեխանիզմները մոլեկուլյար և ներկայացնել: Շատ ուրախ եմ, առանձնահատուկ հպարտություն եմ ապրում, որ առաջիններից մեկը հենց այս համալսարանում է ներկայացրել իր աշխատությունը դեռևս 5 տարի առաջ»:

Հայազգի գիտնականը համարում է, որ այժմ կենսաբժշկական հետազոտությունների ոսկե դարաշրջան է։ Օրերս մեկ այլ հեղինակավոր մրցանակ ստանալիս շեշտել էր՝ գիտությունը միայն գիտնականների համար չէ, հենց միայն համաճարակը ապացուցեց, որ թե որքան կարևոր է ռացիոնալ գիտական մտածողությունը, ինչպես նաև նոր դեղամիջոցների ստեղծումը։

Նոբելյան մրցանակի արժանանալու կապակցությամբ Արտեմ Փաթափությանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահը։

«Որպես հայ և Հայաստանի Հանրապետության նախագահ, անչափ ուրախ եմ Ձեր այդ մեծ հաջողության համար, որը, կարծում եմ, մենք բոլորս համարում ենք նաև մեր ազգի մեծագույն նվաճումներից մեկը», - նախագահականի փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է Արմեն Սարգսյանի ուղերձում:

«Շնորհավորելով և ջերմ բարեմաղթանքներս հղելով Ձեզ՝ ակնկալում եմ, սիրելի Արտեմ, ամենամոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում», - գրել է նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG