Էկոնոմիկայի նախարարությունը թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը կրկին երկարաձգելու նախագիծ է մշակում

Արգելքի ժամկետը արդեն մեկ անգամ երկարձգվել է։ Այս անգամ լրանում է մի քանի շաբաթից՝ դեկտեմբերի 31-ին։

Հայաստանի կառավարությունը նման որոշում կայացրել էր 44-օրյա պատերազմի ընթացքում՝ այն հիմնավորելով անվտանգային խնդիրներով ու ընդգծելով, որ ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիան բացահայտ աջակցում էր Ադրբեջանին։

Արգելքի ժամկետը արդեն մեկ անգամ երկարձգվել է. այս անգամ լրանում է մի քանի շաբաթից՝ դեկտեմբերի 31-ին։

Քաղաքական և տնտեսական ինչ ազդեցություն ունեցավ և հնարավոր երկաձգման դեպքում կունենա այս որոշումը Հայաստանի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն պատերազմից հետո կողմերն ակտիվորեն խոսում են տարածաշրջանային խաղաղության մասին, քննարկում են ճանապարհների ապաշրջափակման հարցը, եզրեր են փնտրում տարածաշրջանային 3+2 ձևաչափում համագործակցելու համար, ուղիղ ակնարկներ են անում փոխադարձ դրական ազդակների մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «3+2» ձևաչափի առաջին հանդիպումը մասնակից բոլոր երկրները դրական են գնահատում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան կառուցողական է գնահատում «3+3» հարթակի առաջին նիստը

Հայ-թուրքական նոր ուրվագծվող հարաբերությունների ձևավորման այս փուլում արդյո՞ք հակասական չեն իշխանությունների մոտեցումները, հնարավո՞ր է արդյոք միաժանանակ ապաշրջափակման թեման շրջանառել ու սահմանափակումներ կիրառել։

Էդուարդ Աղաջանյան

Մինչ նախարարությունում քննարկումներ են այս հարցով, կառավարման խորհրդարանական ձևաչափ որդեգրած երկրի իշխանական էլիտան հստակ պատկերացում չունի, հարցը միայն տնտեսական տիրույթում է տեսնում։ «Կարծում եմ, ճիշտ կլինի էս հարցը ուղղել տնտեսական հանձնաժողովը ներկայացնող պատգամավորներին», - ասաց «Ազատության» հետ զրույցում ասաց իշխող ուժի ներկայացուցիչ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Դիտարկմանը, թե դա վերաբերում է նաև արտաքին հարաբերություններին, Աղաջանյանն արձագանքեց. - «Մեր հանձնաժողովը չի քննարկել այս պահին, հետևաբար չեմ կարող պատասխանել»։

Խորհրդարանական ընդդիմությունը վստահ է՝ թուրքական ապրանքների ներկրման արգելքը Հայաստանում թերի, ձևական բնույթ ունի։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, հիշեցնելով, որ ժամանակին հենց Դաշնակցությունն է այսպիսի նախաձեռնություն հեղինակել, այդուհանդերձ չի կարծում, որ այսօր իշխանությունը գիտի ինչ է ուզում, ինչ է անում և ինչ նպատակ է հետապնդում. - «Իրավիճակային ինչ-որ մի հայտարարություն է արվում, և արդյունքում բոլորին կանգնեցնում է փաստի առաջ»։

Արծվիկ Մինասյան

Մասնագիտությամբ տնտեսագետ, Փաշինյանի կառավարությունում մոտ կես տարի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնը զբաղեցրած Արծվիկ Մինասյանը վստահ է, որ տեղական արտադրողները պատշաճ աջակցություն չեն ստացել այլընտրանք դառնալու համար։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ կանխատեսումները, թե թուրքական ապրանքների ներկրման արգելքի արդյունքում տնտեսության մի շարք ճյուղեր կենթարկվեն կոլապսի, իրականություն չեն դարձել։ «Ազատության» հարցմանն ի պատասխան պնդում են, որ այս արգելքը տնտեսության որոշ ճյուղերի վրա անգամ որոշակի դրական ազդեցություն է ունեցել: Թվարկում են՝ հիմնվել են մի շարք տեղական արտադրություններ՝ տեքստիլի, կոշկագործության, կահույքի, շինանյութերի, լվացող-մաքրող միջոցների արտադրության ոլորտներում։ Բայց շոշափելի արդյունքների մասին այս պահին խոսել չեն կարող, հորդորում են սպասել գոնե 3-5 տարի։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբայնն էլ այս տարի ավելի վաղ ասել էր, որ մտադիր են արգելքը պահել այնքան ժամանակ, մինչև այդ ապրանքները փոխարինվեն Հայաստանում, ԵԱՏՄ-ում, Չինաստանում կամ այլ երկրներում արտադրված ապրանքներով։

«Դա մեկ օրվա, մեկ տարվա աշխատանք չէ։ Չինաստանն էլ այն շուկան չէ, որ հեշտ է մտնել», - հակադարձում է «Ֆամի Գրուպ» ընկերության ղեկավար Հասմիկ Ռաշոյանը։ Այս ընկերությունը թուրքական մի շարք ապրանքանիշների ներկայացուցիչն է Հայաստանում։

«Փոքր կամ միջին գործարարը, որը կարողանում մեկ ընտանիք, կամ տասը ընտանիք ապահովել աշխատատեղերով, ինքը չի կարող Չինաստան մեկնել և մի պարկ ապրանք բերել։ Այն գործարարները, որոնք Չինաստան էին ուղղվածությունը շուռ տվել, ինչպիսի ահռելի խնդիրների հետ են բախվել, քանի որ աշխարհը լոգիստիկ ահռելի խնդիրներ ունի հենց Չինաստանի հետ... մենք պիտի հերթի մեջ մնայինք, որովհետև ինքներդ էլ գիտեք, թե ինչպիսի ահռելի խնդիրներ կան այս տարի և ինչպիսի թանկացումներ են սկսվել էդ ֆոնի վրա չինական ապրանքի ներկրման հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռաշոյանը։

Խնդիրը ներկայացրել են Էկոնոմիկայի նախարարությանը, պատասխան դեռ չեն ստացել։

Տնտեսվարողը մտահոգված է նաև, որ կառավարությունը խաղի արդար կանոններ չի սահմանել. թուրքական հումքը ու կիսաֆաբրիկատը շարունակում են մտնել Հայաստան. - «Թելը, կոճակը, կիսաֆաբրիկատը գալիս էստեղ կարվում է, գրում է «Կարված է Հայաստանում»։ Արդյոք դա ազգի համար չի՞ համարվում խաբեություն, քան երբ որ ինքը գրված է թուրքական է և ես նախընտրում եմ չգնել»։

25 տարի դռների և պատուհանների վաճառքով զբաղվող «Տրիալ-պլաստ» ընկերության տնօրեն Աշոտ Գասպարյանն էլ խոստովանեց՝ թեև հարմարվել է խաղի նոր կանոններին, քաղաքական իրավիճակից ելնելով ինքն էլ այլևս չի պատրաստվում Թուրիքայից ապրանք ներկրել, այդուահնդերձ չի կարող հերքել՝ թուրքական ապրանքը որակով էր, Ռուսաստանում այդ նույն ապրանքը 2 անգամ ավելի թանկ արժե, որակն էլ զիջում է։ Փորձում են հիմա տեղական շուկայում հարմար տարբերակներ գտնել. - «Համեմատաբար էժան և որակով ապրանք էինք կարողանում արտադրեինք։ Հիմա էդ փակվեց։ Ուրիշ տեղից, Եվրոպայից բերելը դա անհամեմատ ավելի թանկ է։ Առևտրային սահմանափակումները երբեք ոչ մի լավ բանի չեն բերել՝ անկախ դրդապատճառներից»։

Նախքան թուրքական ծագման ապրանքների արգելքի կիրառումը դրանց ներմուծման ծավալը կազմել է տարեկան մոտ 267 մլն դոլար: Այս տարվա 9 ամիսների կտրվածքով թույլատրելի, վերամշակման ենթակա ապրանքների կամ հումքի ներկրման արդյունքում այն կազմել է ընդամենը 20 մլն դոլար։