«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները զգուշացնում են Ռուսաստանին՝ զերծ մնալ Ուկրաինայի դեմ ագրեսիայից

«Մեծ յոթնյակի» (G7) երկրների արտգործնախարարները Լիվերպուլում, 12-ը դեկտեմբերի, 2021թ․

«Մեծ յոթնյակի» (G7) երկրների արտգործնախարարները, կիրակի օրը Լիվերպուլում կայացած հանդիպմանը, հայտարարություն են ընդունել, որում զգուշացնում են Ռուսաստանին՝ զերծ մնալ Ուկրաինայի դեմ ագրեսիայից։

«Ռուսաստանը չպետք է կասկած ունենա, որ Ուկրաինայի դեմ նոր ռազմական ագրեսիան լուրջ հետևանքներ և բարձր գին կունենա», - ասված է հայտարարության մեջ։

Ընդորում, «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները, բացի հանդիպման արդյունքների մասին ընդհանուր կոմյունիկեից, առանձին հայտարարություն են ընդունել «Ռուսաստանի և Ուկրաինայի մասին»: Հայտարարությունում արտգործնախարարները դատապարտում են Ռուսաստանին՝ Ուկրաինայի հետ սահմանային մեծ ուժեր կուտակելու, ինչպես նաև Կիևի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանության համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Conflict Intelligence Team-ը դեպի Ուկրաինայի սահման ռուսական զորքի և զինտեխնիկայի տեղաշարժի նոր ապացույցներ է գտել

Փաստաթղթում աշխարհի ամենազարգացած երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ռուսական և ուկրաինական կողմերին լարվածության թուլացման և բանակցություններ վերսկսելու կոչ են անում։

Հիշեցնենք՝ G7-ին անդամակցում են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան և Ճապոնիան։

«Սահմանները փոխելու համար ուժի ցանկացած կիրառում խստիվ արգելված է միջազգային իրավունքով», - ասված է ընդունված փաստաթղթում։

ԱՄՆ-ը և արևմտյան երկրները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա, այդ պատճառով մոտ 100 հազար զորք է կենտրոնացրել Ուկրաինայի հետ սահմանին։

Մոսկվան հերքել է ներխուժման և ռազմական գործողության նախապատրաստման մասին ենթադրությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը չի ծրագրում որևէ մեկի վրա հարձակվել, չունի ագրեսիվ մտադրություններ․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Մոսկվան գտնվում է պաշտպանական դիրքում՝ մտավախություն ունենալով, որ Կիևը շատ է մոտենում ՆԱՏՕ-ին։

Ռուսաստանի արտգործնախարարությունն օրերս հրապարակել էր ռուսական պահանջները ստեղծված իրավիճակում։ Մասնավորապես, Մոսկվան պնդում է, որ ՆԱՏՕ-ն պետք է հետ կանչի իր հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան ապագայում կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, շաբաթ օրը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր, որ դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահի հետ տեսակոնֆերանսի ժամանակ նախազգուշացրել է նրան, որ Ուկրաինայի վրա հարձակման դեպքում Ռուսաստանը «սարսափելի գին» կվճարի։ ԱՄՆ նախագահը պարզաբանել է, որ խոսքն այնպիսի տնտեսական հետևանքների մասին է, որոնք կործանարար կլինեն Ռուսաստանի համար։

Ինչ վերաբերում է ռուսական ներխուժման դեպքում Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու հնարավորության հարցին, ապա, ըստ Բայդենի, «երբեք նման հարց չի քննարկվել»։ Սպիտակ տան ղեկավարը բացատրել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն, անհրաժեշտության դեպքում, կկարողանան լրացուցիչ ուժեր ուղարկել ՆԱՏՕ-ի դաշինքի արևելյան թևեր՝ դաշնակիցների պաշտպանությունը ուժեղացնելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Յուրի Ուշակով. «Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը կշարունակեն շփումները»