Մեկուկես ժամ՝ այսքան է տևել Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Ջոզեֆ Բայդենի և Վլադիմիր Զելենսկու երեկ ուշ երեկոյան կայացած հեռախոսազրույցը։
«Միացյալ Նահանգների նախագահը ինձ տեղեկություններ փոխանցեց Պուտինի հետ իր հեռախոսազրույցի բովանդակության մասին։ Քննարկեցինք նաև Դոնբասում հակամարտության կարգավորման հնարավոր ձևաչափերը», - բանակցությունների ավարտին Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահը։
Բայդենը հեռավար բանակցություններ է անցկացրել այսպես կոչված «Բուխարեստյան իննյակի» հետ
Զելենսկու հետ բանակցություններից բացի Բայդենը հինգշաբթի երեկոյան հեռավար բանակցություններ է անցկացրեց այսպես կոչված «Բուխարեստյան իննյակի»՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ արևելաեվրոպական պետությունների ղեկավարների հետ՝ նրանց ևս ներկայացնելով Ռուսաստանի նախագահի հետ իր զրույցի մանրամասները։
«Առաջնորդները քննարկել են Ուկրաինայի սահմանների երկայնքով Ռուսաստանի կողմից ռազմական ուժերի ապակայունացնող կուտակման փաստը, ինչպես նաև դաշնակիցների հավաքական պաշտպանությանն ուղղված միասնական, պատրաստակամ և վճռական դիրքորոշման անհրաժեշտությունը», - նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ «նախագահ Բայդենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հակված է շարունակել սերտ խորհրդակցություններն ու [գործողությունների] համակարգումը Տրանսատլանտյան բոլոր դաշնակիցների և գործընկերների հետ՝ ներկա ճգնաժամը՝ պաշտպանության, զսպման և երկխոսության միջոցով հանգուցալուծելուն ուղղված ջանքերին զուգահեռ»:
Bloomberg-ի տեղեկություններով՝ ՆԱՏՕ-ի, այսպես կոչված, «արևելյան թևի» պետությունների ղեկավարների հետ Բայդենի բանակցությունները կազմակերպվել են Կենտրոնական Եվրոպայի մի շարք մայրաքաղաքներում ծագած նյարդայնության ֆոնին, նյարդայնություն, որն առաջացել էր Վաշինգտոնից հնչած հայտարարություններից հետո։ Դրանց համաձայն՝ այսօր արդեն Սպիտակ տունը պատրաստվում է Ուկրաինային նվիրված հեռավար բանակցությունների նոր փուլ նախաձեռնել, որին Միացյալ Նահանգներից և Ռուսաստանից բացի մասնակցելու են նաև ՆԱՏՕ-ի անդամ ևս չորս առաջատար պետություններ։ Քննարկման թեմաներից մեկը, ըստ նախագահ Բայդենի, «Ուկրաինայի Հյուսիս-ատլանտյան դաշինքին հնարավոր անդամակցության առթիվ Մոսկվայից հնչող առարկություններն են»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսաստանի համար անընդունելի են ՆԱՏՕ-ի` հարևան երկրները Մոսկվայի դեմ հակասությունների պլացդարմ դարձնելու փորձերը. Լավրով«Արևելյան Եվրոպայի երկրներից մեկի իշխանությունները ուղղակի ցասման մեջ էին, երբ տեղեկացան նման հանդիպման մասին», - Bloomberg-ին է փոխանցել դիվանագիտական աղբյուրներից մեկը՝ նշելով, որ տարածաշրջանի պետությունները Վաշինգտոնից հստակ պարզաբանումներ են պահանջում հետագա քայլերի վերաբերյալ։
Ըստ արևմտյան աղբյուրների, ՆԱՏՕ-ին անդամակցած նախկին սոցիալիստական պետությունների ղեկավարների շրջանում լուրջ կասկածներ կան, որ Վաշինգտոնը Ուկրաինայում լայնածավալ պատերազմից խուսափելու նպատակով կարող է Կիևին ստիպել զիջումների գնալ։
Այս մտավախությունները էլ ավելի խորացան, երբ նախօրեին AP գործակալությունը հաղորդեց, որ Վաշինգտոնը կարող է որոշակի դիվանագիտական ճնշում գործադրել Կիևի նկատմամբ՝ ստիպելով նրան կատարել Մինսկի համաձայնագրի առանցքային դրույթներից մեկը և ինքնավարություն տրամադրել այն շրջաններին, որոնք այժմ գտնվում են ռուսամետ խմբավորումների վերահսկողության ներքո։
Պուտինը հայտարարում է՝ «տեսնում ենք՝ ինչ է կատարվում Դոնբասում, այդ ամենը ցեղասպանություն շատ է հիշեցնում», ԱՄՆ-ը հակադարձում է
Այս ամենի ֆոնին Մոսկվայից հնչող հռետորաբանությունը կարծես չի մեղմանում։ Երեկ, ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից մեկ օր անց ուկրաինական զարգացումներին անդրադարձավ Ռուսաստանի նախագահը՝ Կրեմլին կից գործող մարդու իրավունքների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Նույնը պետք է ասեմ ռուսատյացության, որպես դեպի ցեղասպանություն առաջին քայլի մասին։ Մենք բոլորս էլ տեսնում ենք, գիտենք, թե ինչ է կատարվում այժմ Դոնբասում։ Այդ ամենն, իհարկե, ցեղասպանություն շատ է հիշեցնում», - հայտարարում էր Վլադիմիր Պուտինը։
Սպիտակ տանն արդեն հակադարձում են Ռուսաստանի նախագահի հայտարարություններին, կոչ անելով չմոռանալ, թե Ուկրաինայի արևելքում ով է նախահարձակ կողմը։ Այս մասին անցած գիշեր հայտարարում էր Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին։
«Մենք գիտենք, որ ագրեսիան իրականացվում է ռուսական կողմից։ Զորքերը կուտակում է ռուսական կողմը։ Հարցի դիվանագիտական լուծման հնարավորություն, սակայն, առկա է. և մեր նախագահի նպատակներից, նախապատվություններից մեկը հենց դրան հասնելն է։ Դրա հետ մեկտեղ նախագահ Բայդենը զգուշացրել է, որ հնարավոր հարձակման դեպքում կարող են նաև շատ լուրջ և նշանակալի հետևանքներ լինել։ Ինչ վերաբերում է ցեղասպանության մասին հայտարարություններին, կարող եմ միայն նշել, որ ես նման հայտարարություններին փոքր-ինչ թերահավատորեն եմ վերաբերվում», - նշել էր Ջեն Փսակին։