Մեկ օրում ռուս զինվորականների երկու հայտարարություն՝ հայ գերիների վերադարձի մասին։ Հայաստանցի փորձագետները չեն բացառում՝ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից առաջ կամ դրա արդյունքում հնարավոր է գերիների վերադարձ, Ռուսաստանն ուզում է դա ներկայացնել որպես իր ջանք։
Խոսելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների մասին՝ ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, թե ռուս զինծառայողները հիմա կենտրոնացած են նաև ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձի վրա։ Ռուսաստանյան «ՏԱՍՍ»-ը փոխանցել է նաև Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովի խոսքերը՝ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքը նա համարում է խաղաղապահի քաղաքացիական պարտք։
«Մինչ օրս ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված աշխատանքները շարունակվում են, կա լավ դրական բան, կա ըմբռնում։ Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Ռուս խաղաղապահները վերջ կդնեն այս գործին»,- հայտարարել է մինչև վերջերս ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Մուրադովը, որը հիմա էլ է զբաղվում ռազմագերիների վերադարձի հարցերով։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ Ռուսաստանն ու Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրները գերիների վերադարձի հարցով համադրված գործողություններ կատարում են, բայց մեկնաբանը նաև մրցակցություն է տեսնում։ Չի բացառում, որ այսօրվա հայտարարություններով Մոսկվան Փաշինյան-Ալիև՝ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումից առաջ փորձում է ցույց տալ, որ առանց իրեն գերիների հարցում չի հաջողվի էական առաջընթացի հասնել։
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ բրյուսելյան առաջիկա հանդիպմանը առավելապես հումանիտար հարցեր կքննարկվեն, այդ թվում՝ գերիների վերադարձ։
«Մեծ հավանականություն կա, որ Բրյուսելի հանդիպմանն ընդառաջ կամ հանդիպման արդյունքում կլինեն մարդասիրական հարցերում որոշակի տեղաշարժ, այդ թվում՝ գերիների վերադարձի առումով: Ես չգիտեմ՝ դա կլինի ամբողջական լուծում, թե մասնակի ինչ-որ քայլեր, հնարավոր է, որ Ռուսաստանն առնվազն փորձում է ցույց տալ, որ առանց իրեն այդ գործընթացը և այդ ջանքերը չեն կարող ունենալ հաջողություն», - նշեց Բադալյանը:
Պատերազմից հետո Ադրբեջանը 126 գերու է վերադարձրել՝ թե՛ զինծառայողների, թե՛ քաղաքացիական անձանց։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում դեռևս պահվում են մի քանի տասնյակ հայ գերիներ։ Բաքուն հայտարարում է՝ վերադարձրել է բոլորին՝ պահվողներին անվանելով «ահաբեկիչներ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Էդ գերիները էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել են. Ալեն Սիմոնյան«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հայտարարությամբ չի՞ վնասել գերիների վերադարձի գործընթացին՝ ասելով «համարում եմ, որ գերիները չկան», - լրագրողներն այսօր հետաքրքրվել են Խորհրդարան եկած պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից։ Սիմոնյանն իր հայտարարությունների համար քննադատվեց, ընդհուպ նրա հրաժարականի պահանջ հնչեց, իշխանությունից դատապարտող հայտարարություններ չեղան, պաշտպանության փոխնախարարն էլ անհանգստացած չէր, նրան Սիմոնյանի պարզաբանումը բավարարել էր:
«Ալեն Սիմոնյանն այդ հարցին հստակ պատասխանել է՝ նաև նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը ունի ստանձնած պարտավորություն և ամեն ինչ անում է մեր եղբայրներին, մեր գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Մնացածի մասով ինքը ամեն ինչ ասել է», - ասաց Արման Սարգսյանը:
ԱԺ նախագահի բացատրությունները գերիների և անհետ կորածների հարազատների վրդովմունքը չեն մեղմել
Ի տարբերություն պաշտպանության փոխնախարարի, Սիմոնյանի բացատրությունները անգամ դեմ առ դեմ հանդիպումից հետո չէին բավարարել Ազգային ժողովի շենքի առջև երեկ բողոքի ակցիա անցկացրած գերիների ու անհետ կորածների հարազատներին։
Ուշ երեկոյան կայացած հանդիպման մասին խորհրդարանից մանրամասներ չէին փոխանցել՝ պատճառաբանելով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, միայն տեղեկացրել էին՝ մասնակցել են հարազատներից 10 հոգի:
Ալեն Սիմոնյանը ավելի ուշ գրառում արեց Ֆեյսբուքում՝ հավաստիացնելով. - «Բոլոր տղաների ողջ և առողջ Հայաստան վերադարձի ուղղությամբ տարվող մեր ջանքերը չեն դադարել ու չեն դադարելու»:
Հանդիպմանը մասնակցած Էդիկ Արևշատյանն ասաց՝ գերիների ու անհետ կորածների հարազատները Սիմոնյանի հայտարարությունները ընկալել են, թե պետությունը հրաժարվում է գերիներից։ ԱԺ նախագահի բացատրություններն ու հայցած ներողությունը իրենց վրդովմունքը չեն մեղմել, կարծում են՝ հրաժարական պետք է տա։
«Ինքը, որ ասում է գերիներ, մեր երեխաներն էլ են գերության մեջ, ի՞նչ կապ ունի՝ ինքը որ օրվա մասին է խոսում: Ինքը չկարողացավ ասել, ասում է՝ ես այդպես չեմ ասել, մոնտաժ են արել: Ադրբեջանին՝ թշնամի պետությանը հետաքրքիր չի Ալենի բացատրությունները, կարևորը նա հրապարակում է, մենք այդ ամենն իրան ասել ենք, Հայաստանի երկրորդ դեմքը հրաժարվում է գերիներից: Հիմա դու հետո ինչ ուզում ես ասա, էլ իմաստ չկա», - նշեց Արևշատյանը:
Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպած մեկ տասնյակ հարազատների շարքում էր նաև Արսեն Ղուկասյանը։ «Մինչև իր ասելը մենք բոլորս լսել էինք նաև Նիկոլի ասածը, նախ, բերեք, նոր նման հայտարարություններ արեք: Հլը չբերած ոնց որ հաթաթա տա գերիներին, ասի՝ եկաք՝ դատվելու եք, էդ մեկը ոնց որ ասի՝ ավելի լավ է չգաք, կարող է մի օր էլ ասեն՝ դե մենք գերի չունենք, էդ տղերքն էլ ասեն՝ դե որ գնալու տեղ չունենք, էլ գնում ենք ի՞նչ անենք: Ես էդ իրան [Ալեն Սիմոնյանին] եմ ասել՝ չեմ ընդունում քո ներողությունը», - ասաց նա: