Թուրքիայում մարդիկ կարծում են, որ եկել է իշխանափոխության ժամանակը

Ստամբուլի առևտրական թաղամասերից մեկը, նոյեմբեր, 2021թ․

Թուրքիայում օրեցօր խորացող տնտեսական ճգնաժամը, լիրայի շարունակական անկումն ու գնաճը քաղաքացիների շրջանում իշխանություններից դժգոհության ու մտահոգության պատճառ է դարձել: Կյանքը թանկացել է, մարդիկ վստահություն չունեն վաղվա օրվա հանդեպ:

Օրերս Ստամբուլի Սուլթանգազի վարչական շրջանում քաղաքացիների երկար հերթ էր գոյացել քաղաքապետարանի կողմից սուբսիդավորվող հացի խանութի դիմաց շուկայականից ավելի ցածր գնով հաց գնելու համար: Սոցիալական դժվար կացության մեջ հայտնված մարդիկ կարծում են, որ եկել է իշխանափոխության ժամանակը:

«Իշխանությունը պետք է փոխվի, 20 տարի է նույն համակարգն է, նույն քաղաքականությունը և գործելակերպը: Այս շրջանում իշխանությունը մեծ ընտրազանգված ունի: Այստեղի բնակիչների մեծ մասը կարող է երկար կյանք մաղթել սուլթանին, բայց այդ ժամանակներն արդեն անցել են: Իշխանությանը ձայն տված ինձ նման շատերը այսօր դժվարություններ ունեն», - ասել է քաղաքացիներից մեկը:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տնտեսական նոր մոդելի քաղաքականության հետևանքով արդեն մեկ տարի է թուրքական լիրան աստիճանաբար արժեզրկվում է։ Վիճակը էլ ավելի վատացավ, երբ սեպտեմբերին Կենտրոնական բանկը Էրդողանի կարգադրությամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքները իջեցրեց մինչև 15 տոկոս: Էրդողանի այս քաղաքականության նպատակն է բարձրացնել թուրքական ապրանքների մրցունակությունը, ավելացնել արտահանումը և ներգրավել ներդրողների: Սակայն դրա հետևանքով ազգային արժույթը միայն նոյեմբերի ընթացքում արժեզրկվել է շուրջ 30 տոկոսով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիրայի չդադարող անկման ֆոնին հրաժարական է ներկայացրել Թուրքիայի ֆինանսների նախարարը

Ընդհանուր առմամբ, անցած մեկ տարում լիրան արժեզրկվել է մոտ 40 տոկոսով՝ արձանագրելով վատագույն ցուցանիշը զարգացող երկրների արժույթների շարքում։ Վերջին հաշվարկներով, մեկ տարվա կտրվածքով Թուրքիայում գնաճը ավելի քան 21 տոկոսի է հասնում: Սննդամթերքի, կենցաղային իրերի գիները, վարձավճարները 50-70 տոկոսով բարձրացել են, որոշ ապրանքներ թանկացել են մոտ 2-3 անգամ:

«Տնտեսական վիճակը իսկապես շատ վատ է: Ոչ միայն ես, այն նաև իմ շրջապատի մարդիկ դժվար կացության մեջ են: Վերջին շրջանում գները կրկնապատկվել են», - նշեց Թուրքիայի բնակիչը:

Մինչդեռ Թուրքիայի նախագահը համոզված է, որ ճիշտ ուղու վրա է և վերաֆինանսավորման ցածր տոկոսադրույքների քաղաքականությունը նպաստելու է տնտեսական վերելքին: Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ լիրայի փոխարժեքի տատանումն ու գնաճը կանխելու համար քայլեր են ձեռնարկելու: Իսկ նախագահի ընդդիմախոսների կարծիքով այս ճգնաժամը տնտեսականից քաղաքականի է վերաճում:

Հիմնական ընդդիմության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը հաջորդ ընտրություններում Էրդողանի հավանական մրցակիցներից է համարվում, «Ռոյթեր» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է. «Ուզում եմ ընդգծել, որ երկրում ստեղծված իրավիճակը ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական ճգնաժամի կառավարելու անկարողության ցուցիչ է»:

Սոցիալական վերջին հարցումները ևս իշխող վարչակարգի համար հուսադրող չեն: Արդյունքների համաձայն, նախագահ Էրդողանի ու նրա կուսակցության վարկանիշը գնալով ընկնում է, ինչը օրակարգում է պահում արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: