Մատչելիության հղումներ

Թուրքիայում մեծանում է ճնշումը ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ


Բողոքի ակցիա Թուրքիայում՝ լիրայի կտրուկ արժեզրկման պատճառով, 24-ը նոյեմբերի, 2021թ.
Բողոքի ակցիա Թուրքիայում՝ լիրայի կտրուկ արժեզրկման պատճառով, 24-ը նոյեմբերի, 2021թ.

Մինչ Թուրքիայի քաղաքական կուլիսներում շրջանառվում է հաջորդ տարի արտահերթ ընտրության գնալու թեման, երկրում մեծանում է ճնշումը ընդդիմադիր ուժերի նկատմամբ:

Ուրբաթ օրը Ստամբուլի իր տանը ձերբակալված ընդդիմադիր «Դեվա»՝ «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության համահիմնադիր, ռազմական փորձագետ Մեթին Գյուրջանը կալանավորվել և ուղարկվել է Անկարա, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Անկարայի դատախազությունը նախկին զինվորականին մեղադրում է պետական գաղտնիքը քաղաքական և ռազմական լրտեսության նպատակով օգտագործելու համար: Հարցաքննության ժամանակ հայտնի ռազմական փորձագետը ասել է, որ հանդիպումներ է ունեցել օտարերկրյա դիվանագետների հետ և կիսվել Թուրքիայի ու Մերձավոր Արևելքի զարգացումների շուրջ իր վերլուծություններով: Պատմել է, որ 2019 թվականից վճարովի վերլուծական ու խորհրդատվական աշխատանք է կատարում տարբեր մարդկանց և կառույցների համար՝ օգտվելով բացառապես բաց ու հասանելի աղբյուրներից:

Հերքելով լրտեսության վերաբերյալ մեղադրանքները՝ նա շեշտել է՝ դիվանագետներին չի տրամադրել գաղտնիության աստիճան ունեցող որևէ տեղեկություն կամ փաստաթուղթ:

«Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցությունը, որի համահիմնադիրներից է Գյուրջանը, անցած մարտին ստեղծել են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի նախկին թիմակիցները՝ ժամանակին արտգործնախարարի և փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած Ալի Բաբաջանի գլխավորությամբ:

Բաբաջանը արդեն հայտարարել է, որ կուսակցությունը և փաստաբանները մինչև վերջ աջակցելու են իրենց թիմակցին: Նա ընդգծել է, որ այս գործընթացը պետք է լինի բացառապես օրենքի սահմաններում: Անցած շաբաթ էլ Ալի Բաբաջանը կարծիք էր հայտնել, թե իշխանությունների այս գործողությունները լիրայի կտրուկ արժեզրկման հետևանքով առաջացած ճգնաժամից շեղելու փորձ են. - «Եթե այս զարգացումը քաղաքական բնույթ ունի և մեր կուսակցության դեմ է ուղղված կամ նպատակ է դրվել կոծկելու երկրի ծանր տնտեսական իրավիճակը, ապա ուզում եմ նշել, որ նման դեպքերը չեն կարող սասանել մեր թիմակիցներին»:

Ընդդիմադիր այս կուսակցությունը, որը Մեջլիսում ընդամենը մեկ պատգամավոր ունի, հաջորդ խորհրդարանում ավելի մեծ ներկայացվածություն ունենալու հույս ունի։

Իշխանությունը շարունակում է ճնշումը նաև ընդդիմադիր մեկ այլ ուժի՝ խորհրդարանի մաս կազմող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նկատմամբ: Մինչ թուրքական Մեջլիսը ուսումնասիրում է կուսակցության մի շարք պատգամավորներին, այդ թվում՝ հայազգի Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու նախագահականի միջնորդությունը, Սահմանադրական դատարանում կուսակցության փակման դատական գործում նոր պահանջ է ներկայացվել։

Գործը վարող դատախազը Սահմանադրական դատարանին միջնորդել է կուսակցության 451 անդամի նկատմամբ քաղաքականությամբ զբաղվելու արգելք սահմանել, 69 կուսակցականի գործողություններն ու ելույթները ներկայացվել են որպես հիմք կուսակցության փակման համար: Եթե դատարանը որոշի փակել կուսակցությունը, ապա այս անձինք հինգ տարի չեն կարողանա քաղաքական գործունեություն ծավալել և անդամակցել այլ կուսակցության:

XS
SM
MD
LG