Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիան «շարունակելու է ջանքերը՝ նպաստելու հումանիտար խնդիրների լուծմանը»

Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիան ակտիվորեն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու հումանիտար տարբեր խնդիրների լուծմանը, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագանաթ Չափագային։

Կարևորելով ֆեդերացիայի հետ շարունակական ակտիվ համագործակցությունը՝ մարդասիրական և հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում Փաշինյանն ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով այնտեղ ստեղծված մարդասիրական մի շարք խնդիրների փաստը և դրանց կարգավորման ուղղությամբ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։

Պատերազմից հետո մինչ օրս Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ասել է Հայաստանի կառավարության ղեկավարն՝ ընդգծելով միջազգային կառույցների համարժեք արձագանքի կարևորությունը՝ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի ապահովման գործում:

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը Բաքվին է փոխանցել ոչ միայն բոլոր ռազմագերիներին, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված երկու ադրբեջանցիների։Հրադադարի հաստատումից մեկ տարի անց էլ, սակայն, հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով, Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են․ Մուրադով