Ընդդիմությունն ու իրավապաշտպանները կարծում են՝ ԱԺ խոսնակը պետք է հրաժարական տա, Սիմոնյանը նման ծրագրեր չունի

Ազգային ժողովի նախագահի սկանդալային ձայնագրության տարածումից հետո ընդդիմությունն ու իրավապաշտպանները կարծում են՝ խորհրդարանի խոսնակը պետք է հրաժարական տա, իսկ Ալեն Սիմոնյանը նման ծրագրեր չունի, «Ազատությանը» փոխանցեց նրա խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Իշխանությունը Ալեն Սիմոնյանի հետ հրաժարականի հարց չի քննարկել և նա չի պատրաստվում հրաժարական ներկայացնել», - ասաց Խաչատրյանը:

Ենթադրաբար խոսելով նոյեմբերի 16-ի սահմանային լարվածության ժամանակ գերեվարվածների մասին, Սիմոնյանը այցերից մեկի ժամանակ ոչ հրապարակային զրույցում հայտարարել էր՝ «էդ գերիներն էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել են ու հայտնվել են գերության մեջ»: Ռազմագերիների ծնողների պասիվությանն էլ բացատրություն ուներ՝ որովհետև, ասում էր, գիտեն, որ իրենց որդիները դասալիք են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էդ գերիները էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել են. Ալեն Սիմոնյան

«Եթե ես էդ գերիների պատճառով պըտի Սյունիք կորցնեմ, եթե ես պըտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող ա վատ, սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան: Այո, բնականաբար, մենք էդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում, բայց մենք չենք կարա ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը պատանդ դնենք», - ասում է Սիմոնյանը։

Գաղտնի նկարված այս տեսանյութը քննադատության ու զայրույթի ալիք բարձրացրեց։ Շատերը Սիմոնյանին մեղադրեցին դատավորի դեր ստանձնելու համար այն դեպքում, երբ պարզ չեն զինվորականների գերեվարման հանգամանքները։ Տարածումից կարճ ժամանակ անց՝ մեկնաբանելով՝ խորհրդարանի խոսնակը, ըստ էության, պնդել էր տեսանյութում ասածները։ Այսօր նրա մամուլի քարտուղարը հայտարարեց՝ «լրագրողներին տրված մեկնաբանությանն ավելացնելու բան չունեն»։

«Էդ ո՞նց եղավ, երբ որ ընտրական պոպուլիզմ էր պետք, նրանք իրենց եղբայրներն էին, հենց ընտրությունները ավարտվեցին, արդեն դարձան անպիտան մարդիկ, ո՞նց կարելի է էլի սենց գնահատական տալ», - նշեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Մինասյանը կարծում է՝ Սիմոնյանը պետք է պատասխանատվություն կրի իր հայտարարությունների համար՝ նաև հրաժարական տալով։ Պատգամավորի խոսքով՝ իրավապահներն էլ գործ ունեն՝ պարզելու՝ արդյոք համարժեք քայլեր կատարվո՞ւմ են, թե՞ արհեստական ձգձգվում է գերիների վերադարձը։ Ավելի վաղ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե ժամանակն է, որ գերեվարման դեպքերը պատշաճ ձևով հետաքննեն՝ արդյոք հանցագործությո՞ւն է տեղի ունեցել:

«Դատելով Նիկոլ Փաշինյանի տարբեր ժամանակներում արտահայտած նույնատիպ մոտեցումից, ստացվում է, որ սա պետական քաղաքականություն է հայտարարվում, ըստ էության: Ի՞նչ է նշանակում, օրենքի շրջանակներում տարել եք զինծառայության, քո առաջին գլխավոր խնդիրը քո քաղաքացիներին հայրենիք վերադարձնելն է, դրանից հետո ինչ իրավական ընթացակարգ կա, օրենքները կարգավորում են, ինչո՞ւ եք դուք բարձրաձայնում վերջինը, փոխարենը առաջին քայլերն իրականացնելը, նպատակը ո՞րն է, արդարացնե՞լ, որ մենք այս ուղղությամբ քայլ չենք կարողանում անել կամ հաշտվել ենք էդ մտքի հետ: Ի վերջո սրա պատասխանը պետք է տան չէ՞ էդ մարդիկ», - ասաց Մինասյանը:

Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ղեկավարող Թագուհի Թովմասյանը կարծում է՝ Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջը արդարացի է. երկրի երկրորդ դեմքը պետք է հասկանա, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իր խոսքը:

«Սա իշխանության տեսակետն է, որն Ալեն Սիմոնյանը գաղտնի բարձրաձայնել է: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախ պետք է հասկանանք՝ գերիները ինչ հանգամանքում են գերի ընկել, այսինքն լեգիտիմ չէ նրանց գերի ընկնելու վարկածը, և, հետևաբար, շղթայական ռեակցիայով գնաց ներքև: Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ նույն իշխանությունը և նույն իշխանության տարբեր համայնքապետեր տարբեր ակցիաների միջոցով գերիներին հերոսացնում էին՝ գառ էին մորթում գերիների ոտքերի տակ, ովքեր գալիս էին գերությունից: Այսինքն՝ այն, որ այս իշխանությունն է գերիների կարգավիճակը բարձրացրել և հիմա էլ իրենք իրենց խոսքերով կրակն են ընկել այդ թեմայի ձեռքը, ուրեմն պետք է սկսել իրենցից», - նշեց Թովմասյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հերոսացումից՝ մեղադրանքներ». գերիների մասին Փաշինյանի վերջին հայտարարությունը անպատասխանատու մոտեցում է որակվում

Գերիներին ո՛չ պետք է հերոսացնել, ո՛չ նսեմացնել նրանց արժանապատվությունը, ԱԺ-ի փոխխոսնակ, իշխող ՔՊ-ից Ռուբեն Ռուբինյանի այս հայտարարությանը չուշացավ լրագրողների հիշեցումը՝ իսկ այդ դեպքում քարոզարշավի առաջին օրերին ինչո՞ւ էր վարչապետը Փաշինյանը նրանց մասին ասում, թե Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության ու ինքնիշխանության համար, պատրաստ էր որդուն փոխանակել բոլոր գերիների հետ։

«Մի կողմից մենք չենք ուզում, որպեսզի մեր որևէ քաղաքացի գերության մեջ լինի կամ վերադարձած նախկին գերին իրեն նսեմացած զգա, մյուս կողմից շատ կարևոր է, որպեսզի մեր հանրությունն ընդհանրապես իմանա և նաև զինծառայողները իմանան, որ գերի ընկնելը լավ բան չի, որովհետև չի օգնում, որպեսզի մեր սահմանները պաշտպանված լինեն», - ասաց Ռուբինյանը:

Ալեն Սիմոնյանը, նրա կուսակից Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ, մոտավորապես ասել է իր ասածը, ուղղակի սկանդալային ձևակերպմամբ. «Ես էլ կարող էին նույնը՝ ինչ որ ես հիմա ասացի, նույն բովանդակությամբ այնպես ձևակերպել, որ սկանդալային հնչեր, ես ուղղակի այնպես ձևակերպեցի, որ սկանդալային չհնչի, հուսով եմ»: