Փոխվարչապետ, ճանապարհների ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի անդամ Մհեր Գրիգորյանը ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է, թե ակնկալվում էր, որ առաջիկա օրերին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը պետք է նորից հանդիպեին՝ շարունակելու ընդհատված նիստը։
«Հուսով եմ՝ իրավիճակը կվերադառնա կառուցողական հուն, և մենք կշարունակենք աշխատել այն հիմնարար սկզբունքների շրջանակներում, որոնք արդեն համաձայնեցված են», - հայտարարել է Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ մինչև այժմ հանձնաժողովի բոլորն նիստերն ընթացել են կառուցողական երկխոսության ձևաչափով։
Վերջին անգամ երեք երկրների փոխվարչապետերը հանդիպեցին դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։ Այս բանակցություններին նախորդել էր Սոչիում Ալիև-Պուտին-Փաշինյան հանդիպումը, որի ավարտին Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, թե ապաշրջափակման հարցով որոշումներ են կայացվել, որոնք պետք է հրապարակեր փոխվարչապետերի հանձնաժողովը։
Բայց կողմերը ոչ միայն միասնական հայտարարությամբ հանդես չեկան, այլև Հայաստանի անվտանգության խորհրդի քատուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել՝ ևս մեկ անգամ վերահստատելով Երևանի դիրքորոշումը. - «Մենք պատրաստ ենք ապաշրջափակմանը, պատրաստ ենք նաև քննարկել ուղիները, որոնք հնարավոր է բացել։ Այսինքն՝ ճանապարհային այն ուղիները, որը Ադրբեջանը մեզ է տրամադրելու, որպեսզի Ադրբեջանի տարածքը օգտագործենք այլ երկրների հետ կապվելու համար։ Եվ նաև այն ճանապարհները, որով Ադրբեջանը հնարավորություն է ստանալու նաև Նախիջևանի հետ կապ հաստատելու համար։ Որևէ խոսք միջանցքի մասին չկա և չի էլ կարող լինել»։
Իլհամ Ալիևը օրեր անց արդեն ուժով սպառնալիքով խոսեց միջանցքի մասին։ Երևանին հիշեցնելով պատերազմի ծանր հետևանքները՝ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը պետք է ընդունի Բաքվի պայմանները և վերջ տա ճանապարհների ու հաղորդակցությունների հարցում «ոչ անկեղծ» մոտեցմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը «ապակառուցողական հռետորաբանություն ու ՀՀ ինքնիշխանության նկատմամբ սպառնալիք» է որակում Ալիևի հայտարարությունըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ աշխատանքային խմբի շրջանակներում կողմերը փոխըմբռնում են ունեցել երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և ապաշրջափակման հարցերի շուրջ. - «Նաև ըմբռնում կար, որ ճանապարհների ինքնիշխանությունը կպահպանեն այն երկրները, որոնց տարածքով դրանք անցնելու են, և այդ ճանապարհներն լինելու են այդ երկրի իրավասության ներքո, որտեղով անցնում են։ Մնացած հարցերով նրբերանգներ էին մնում»։
Հայաստանի փոխվարչապետը ասել է, թե Երևանը հույս ուներ, որ աշխատանքը կշարունակվի այն հիմնարար սկզբունքների շրջանակներում, որոնք ամրագրված էին երեք երկրների ղեկավարների հայտարարություններում, և արդեն համաձայնեցվել էին փոխվարչապետերի աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում։
Միաժամանակ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ փոխվարչապետերի հանձնաժողովը ստեղծել է փորձագիտական խումբ, որն արդեն զբաղվում է փոխադրումներն ապահովելու խնդիրներով, եթե ճանապարհները բացվեն։
Ռուսական պետական լրատվամիջոցի հետ զրույցում փոխվարչապետը շեշտել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հետ. - «Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների Սոչիի հայտարարությանը, համաձայն որի կա պայմանավորվածություն քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու համար, և գործը հասցնել երկկողմ հանձնաժողով ստեղծելուն», - ասել է Գրիգորյանը՝ շեշտելով, որ սահմանագծումը ևս ռուսական կողմի խորհրդատվությամբ պետք է լինի։
Նոյեմբերի 26-ին Սոչիի հանդիպումից հետո, սակայն, այս հարցում որևէ քայլի մասին չի հաղորդվել։ Ավելին՝ օրերս Ստոկհոլմում տապալվեց Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. Բաքուն պատճառաբանել էր, թե Երևանը վերջին պահին սադրանքի է դիմել՝ հայաստանցի պատգամավորներին գործուղելով Ստեփանակերտ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ափսոսանք են հայտնում, որ հնարավոր չեղավ Միրզոյան-Բայրամով հանդիպում անցկացնել