Կորոնավիրուսի Omicron տեսակը գրանցվել է մոլորակի առնվազն 30 երկրներում

Omicron տեսակի կորոնավիրուսի տարածումը 2021 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ:

Առնվազն 30 երկրներում գրանցվել են կորոնավիրուսի նոր տեսակի՝ «օմիկրոնի» դեպքեր: Այդ տեսակն առաջին անգամ ի հայտ է եկել անցած շաբաթվա ընթացքում:

«Օմիկրոնով» վարակվելու մասին հաղորդագրություններ են ստացվել Հնդկաստանից, Սինգապուրից, Բրազիլիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Դանիայից և տասնյակ այլ պետություններից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Օմիկրոնի» նոր դեպքեր են հայտնաբերվել ԱՄՆ-ում, առաջին դեպքն է հայտնաբերվել Հնդկաստանում

Մադրիդում «օմիկրոնով» ախտահարվել է մի բնակիչ, ով AstraZeneca պատվաստանյութի երկու դեղաչափ է ստացել: Ըստ բժիշկների, այդ 62-ամյա տղամարդը հեշտ է տարել հիվանդությունը:

Ֆրանսիայում հենց օդակայանում «օմիկրոն» են հայտնաբերել մի ուղևորի մոտ, ով վերադարձել է Աֆրիկայից: Նա էլ մինչ այդ պատվաստանյութ է ստացել: Այդ մարդը հիմա գտնվում է հիվանդանոցում, նրա առողջական վիճակը բավարար է:

Ըստ մասնագետների, «օմիկրոնի» շտամը Եվրոպա է հասել Աֆրիկայի մայրցամաքից:

Օմիկրոնը հունական այբուբենի 15-րդ տառն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոյեմբերի 26-ին է կորոնավիրուսի նոր տեսակը դասակարգել այդ տառով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՀԿ-ն «անհանգստություն առաջացնող» է որակում «օմիկրոնը», զգուշացնում՝ առկա վակցինաները կարող են այդքան էլ արդյունավետ չլինել

Մասնագետները դեռ հստակ չեն պարզել այդ շտամի վարակելիության և վտանգավորության աստիճանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Օմիկրոնից» մահացության տվյալներ առայժմ չկան