Միացյալ Նահանգների պետքարտուղարն այսօր Ստոկհոլմում հանդիպել է ռուսաստանցի պաշտոնակցի հետ՝ անձամբ նախազգուշացնելու Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման դեպքում «լրջագույն հետևանքների» մասին, ինչպես նաև կոչ անելու ճգնաժամից դուրս գալու դիվանագիտական ուղի գտնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շվեդիայում ավարտվել են Լավրով-Բլինքեն բանակցությունները«Ճգնաժամը հաղթահարելու լավագույն միջոցը դիվանագիտությունն է», - հայտարարել է Էնթոնի Բլինքենը Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից առաջ, որոնք տեղի են ունենում Ուկրաինայի հարցով Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարվածության ֆոնին։
ԱՄՆ-ը «խորը մտավախություններ ունի՝ կապված Ուկրաինայի դեմ ագրեսիայի ռուսական ծրագրերի հետ», - հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ հավելելով, որ նույն մտավախությունն ունեն նաև եվրոպական շատ երկրներ:
«Կարծում եմ՝ Սերգեյը մեկ անգամ չէ, որ լսել է այս մասին վերջին 24 ժամում այստեղ՝ Ստոկհոլմում», - նշել է Բլինքենը՝ կոչ անելով Ռուսաստանին ետ քաշել Ուկրաինայի սահմանին կուտակած զորքերը և իրականացնել Մինսկյան համաձայնագրում ամրագրված պարտավորությունները, որոնք Կիևն ու Մոսկվան ստանձնել են 2015 թվականին Մոսկվայի ռազմական աջակցությունը վայելող Ուկրաինայի արևելյան շրջանների ռուսամետ անջատականների և ուկրաինական կառավարական ուժերի միջև պատերազմին վերջ դնելու նպատակով։ Այդ պատերազմի հետևանքով մինչ օրս զոհվել է 14 հազար մարդ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը մտահոգված է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշմամբԱՄՆ պետքարտուղարը շեշտել է՝ եթե Ռուսաստանը որոշի շարունակել առճակատումը, ապա կբախվի լրջագույն հետևանքների։ Ռուսաստանին սպառնացող լրջագույն հետևանքներն ամերիկացի պաշտոնյան չի մանրամասնել։
Փոխարենը, Ուկրաինայի արտգործնախարարը Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ հանդիպումից հետո պատմել է, որ Կիևն ու Վաշինգտոնը համատեղ աշխատում են Ռուսաստանի ագրեսիան զսպելուն ուղղված համապարփակ փաթեթի շուրջ, որը ներառում է նաև տնտեսական պատժամիջոցներ։
Դմիտրի Կուլեբան Ռուսաստանին հակազդելու կոչ է ուղղել նաև Եվրամիությանը։ Դաշինքի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանը Ուկրաինայի արտգործնախարարը հորդորել է Ռուսաստանի տնտեսությունը վնասող սահմանափակումներ կիրառել, եթե Մոսկվան նոր ագրեսիվ քայլեր սկսի Ուկրաինայի դեմ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանցի հետաքննող լրագրողների պնդմամբ՝ ռուսական զորքերի կուտակումը Ուկրաինայի սահմաններին շարունակվում էՏևական ժամանակ է՝ Կիևն ու Արևմուտքը պնդում են, թե Ռուսաստանը մեծ զորախումբ է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին և պատրաստվում է հարձակման։ Մոսկվան կտրականապես հերքում է այս մեղադրանքները և պնդում, թե Կիևն է սրում իրավիճակը՝ արևմտյան դաշնակիցների հովանու տակ։ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում նոր բախումների հավանականությունը շարունակում է բարձր մնալ, և որ Մոսկվան մտահոգված է Կիևի ագրեսիվ հռետորաբանությամբ ու սադրիչ գործողությունների ակտիվացմամբ։
Ուկրաինայի իշխանությունները կտրականապես հերքում են, թե անջատվել ցանկացող շրջաններն ուժով վերադարձնելու մտադրություն ունեն, Ռուսաստանին մեղադրելով քարոզչական անհեթեթություններ տարածելու համար, որոնց նպատակը «սեփական ագրեսիվ մտադրությունները կոծկելն է»։
Ամերիկացի պաշտոնակցի հետ հանդիպման ընթացքում Սերգեյ Լավրովն իր հերթին է հայտարարել՝ Ուկրաինայի ներգրավումը Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական խաղերում լուրջ հետևանքներ կունենա՝ Մոսկվային ստիպելով պատասխան քայլեր ձեռնարկել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի համար անընդունելի են ՆԱՏՕ-ի` հարևան երկրները Մոսկվայի դեմ հակասությունների պլացդարմ դարձնելու փորձերը. ԼավրովՌուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է՝ Մոսկվան մտահոգված է արևելյան շրջաններում ՆԱՏՕ-ի տեղաշարժերի կապակցությամբ, ինչը, Լավրովի խոսքով, հակասում է Ռուսաստանի ազգային անվտանգության շահերին։
Ռուսաստանի թիվ մեկ դիվանագետը հայտարարել է, թե Մոսկվան Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքից ակնկալում է «անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ», որոնք կկանգնեցնեն ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք։