Այսօր Արցախի Կարմիր շուկայի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակահերթեր է արձակել․ Արցախի ՄԻՊ

Այսօր ժամը 10:30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկայի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել, որոնք տևել են 10-15 րոպե, տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով՝ կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։

Պաշտպանը նշում է, որ ստացված պարզաբանումների համաձայն՝ կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով։

Կրակահերթերի հետևանքով մարդկային և նյութական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստեփանյանը։

Պաշտպանության բանակը դեռ որևէ բան չի հաղորդում այդ մասին։