Մինսկում Ադրբեջանի դեսպան Ուլվի Բախշալիևը հանդիպել է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ։
«Բախշալիևն ու Վոլֆովիչը համակողմանիորեն քննարկել են տարբեր ոլորտներում միջպետական փոխգործակցության հարցերը, երկու երկրների անվտանգության ապահովման գործում երկկողմ համագործակցության հեռանկարները», - հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը։
Կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը ռազմավարական գործընկերությանը, կապերի ամրապնդմանը և պաշտպանության ու իրավապահ ոլորտներում համատեղ նախագծերի մշակմանը։
Անցած շաբաթ էլ հեռախոսազրույց էին ունեցել երկու երկրների նախագահները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Իլհամ Ալիևը Ալեքսանդր Լուկաշենկոյին պատմել էր Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հետ Սոչիում կայացած վերջին եռակողմ հանդիպման արդյունքների մասին։ Նշվում էր, որ կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի փոխգործակցությունը ՀԱՊԿ-ի հետ, թեև Բաքուն ռազմական այդ դաշինքին չի անդամակցում։
Թե ինչ համատեքստում է քննարկվել Ադրբեջան-ՀԱՊԿ փոխգործակցությունը՝պաշտոնական աղբյուրները չեն հստակեցրել։