Մատչելիության հղումներ

Ալիևն ու Լուկաշենկոն հաստատել են երկկողմ համագործակցության ռազմավարական բնույթը


Երկուշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել Բելառուսի և Ադրբեջանի նախագահները։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել են երկկողմ համագործակցության ռազմավարական բնույթը, անդրադարձել նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, քննարկել Ադրբեջանի ազատագրված տարածքների լայնածավալ փոխշահավետ նախագծերում բելառուսական ընկերությունների մասնակցությունը։

Աղբյուրի համաձայն՝ Բելառուսի նախագահը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարամյա առճակատման ավարտը, ընդգծել խաղաղաշինության մեկնարկած գործընթացի կարևորությունը։

«Լուկաշենկոն ընդգծել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության և տնտեսական փոխգործակցության վերականգնումը պետք է դառնա տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքը և ապահովի այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների բարեկեցությունն ու անվտանգությունը», - ասվում է հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցի ընթացքում Լուկաշենկոն Ալիևին հայտնել է, որ ի նշան երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության, Մինսկում կտեղակայվի ծնունդով Գյանջայից պոետ Նիզամի Գյանջևիի արձանը:

Հայաստանի հետ ռազմական և տնտեսական միևնույն դաշինքի անդամ Ղազախստանը ևս ավելի վաղ շնորհավորել էր Ադրբեջանին՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Այս նշանակալի տոնը ընդմիշտ գրվել է Ադրբեջանական Հանրապետության փառապանծ տարեգրության մեջ, որպես խորհրդանիշ միասնության, տոկունության, անկոտրում կամքի Ձեր ժողովրդի` հանուն երկրի ինքնիշխանության և պետականության», - ասված է Ալիևին հղած Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG