Չնայած Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով շարունակում են հավաստիացնել, թե հաստատակամ են ավարտին հասցնել «Հյուսիս-հարավ» մայրուղին, սակայն ծրագրի մեկնարկից 12 տարի անց էլ՝ այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում չեն կարողանում հայթայթել երրորդ հանրապետության, թերևս, ամենակարևոր նախագծի ողջ ֆինանսավորումը։
«Ազատության» հետ զրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը մանրամասնեց՝ շարունակում է բաց մնալ մայրուղու երեք հատվածների ֆինանսավորման հարցը. «Մենք այս պահին ֆինանսավորման աղբյուրներ չունենք հստակեցված Գյումրի-Բավրայի համար, Արտաշատ-Սիսիանի համար և Քաջարանի թունելի համար: Բայց այս երեք ուղղություններով էլ շատ ակտիվ աշխատանքներ են արվում այդ ֆինանսական աղբյուրները հայթայթելու և հստակեցնելու:
Մենք առհասարակ նախնական դիտարկում ենք, որ ծրագրի ընդհանուր արժեքը կարող է 3.5 միլիարդ մի փոքր ավելի լինել, այսինքն` 3.5 միլիարդ դոլարի մասին է խոսքը»:
556 կիլոմետրանոց «Հյուսիս-հարավ» նախագծի մեկնարկից՝ 2009թ.-ից ի վեր Հայաստանի իշխանությունները կարողացել են ավարտին հասցնել Արտաշատը Երևանին, հետո՝ Աշտարակին կապող ընդամենը 31 կիլոմետրանոց անորակ մի հատված կամ ընդհանուրի 5.5%-ը, որը սկսեց քայքավել շահագործման հանձնելուց ամիսներ անց։
Այժմ շինարարական աշխատանքները ընթանում են Թալին-Գյումրի հատվածում, որը նախատեսվում է ավարտել երկու տարի անց՝ 2023թ.-ին։
Պարզ չէ, թե երբ են մեկնարկելու Աշտարակ-Թալին, Գյումրի-Բավրա և Արտաշատ-Սիսիան հատվածների, ինչպես նաև Քաջարանի թունելի շինարարությունները։ Արտաշատ-Սիսիան 175 կիլոմետրանոց հատվածի նախագծման աշխատանքներն անգամ ավարտված չեն։
Իսկ ե՞րբ կավարտվի ողջ մայրուղու շինարարությունը:
«Այդ հարցին կարելի էր շատ հստակ պատասխանել` երբ կավարտվի, եթե մենք որոշակի առումով ունենայինք հստակեցում ֆինանսավորման աղբյուրների հետ կապված այն ծրագրերի, այն հատվածների, որոնք թե պատրաստ են, բայց դեռևս ֆինանսավորման աղբյուրները հստակեցվում են, կամ բանակցվում են, կամ որոշակի փուլում են: Իմ խորին համոզմամբ` եթե մենք կարողանայինք իրականում բոլոր հատվածների համար ունենալ այդ հստակեցումները, ես կարծում եմ, որ դա ընդհանուր առմամբ հնարավոր կլիներ ամբողջությամբ ավարտել, եթե միաժամանակ բոլոր հատվածներում սկսվեն շինարարական աշխատանքները, չհաշված մրցույթային գործընթացները, որոնք միջազգային են և գրեթե 7 ամիս կարող են տևել, ընդհանուր առմամբ 6-7 տարվա ընթացքում հնարավոր է ավարտել ծրագիրը», - ասաց փոխնախարարը:
Այս տարի նախագծի շուրջ քննարկումներն ակտիվացան, երբ Եվրամիությունը հայտարարեց, թե 2.6 միլիարդ եվրո է տրամադրում Հայաստանին, որի 600 միլիոնը՝ «Հյուսիս-հարավի» Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությանը, սակայն Ղալեչյանի խոսքով` այդքանը բավարար չէ, որովհետև նշված հատվածի կառուցումն արժե մոտ մեկ միլիարդ դոլար, իսկ Սիսիանից մինչև Իրանի սահման՝ Ագարակ ընդհանուր առմամբ կարժենա 1.5 միլիարդ դոլար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն խոստացել է «Հյուսիս-հարավ»-ի հարավային հատվածի համար շուրջ 600 մլն եվրո տրամադրելՎարչապետ Փաշինյանը Հայաստանը աշխարհին կապող ճանապարհների կարևորությանը վերջին անգամ անդրադարձավ մոտ մեկ շաբաթ առաջ իր առցանց ասուլիսի ժամանակ` ասելով. «Այսօր աշխարհում բոլոր երկրները պայքարում են մի բանի համար, որ ճանապարհներն անցնեն իրենց տարածքով, որ երկաթուղիներն անցնեն իրենց տարածքով, որ գազամուղերն անցնեն իրենց տարածքով, նավթամուղերն անցնեն իրենց տարածքում, որ ընդհանրապես բեռները հնարավորինս շատ տարածվեն իրենց տարածքով»:
«Հյուսիս-հարավի» գործով որևէ մեկն այսօր կալանքի տակ չէ
Հենց հետհեղափոխական Հայաստանում էլ պարզվեց՝ մասշտաբային չարաշահումներ են եղել «Հյուսիս-հարավի» իրականացման ընթացքում։ Քրեական գործը հարուցվեց 2018թ. սեպտեմբերին։ Երեք տարում հարցաքննելով ավելի քան հինգ հարյուր հոգու՝ իրավապահներն այսօր որևէ մեկին կալանքի տակ չեն պահում։ Ներկայում մեղադրանք է առաջադրված 17 հոգու, որոնցից հանրությանը հայտնի են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, նախկին դեսպան Լյովա Սարգսյանը, ով տարիներ է, ինչ հետախուզման մեջ է, և «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ կապվող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ում ղեկավարած «Սթոնս» ընկերությունը ներգրավված է եղել ճանապարհաշինության գործում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հյուսիս-Հարավ»-ի չարաշահումների ևս մեկ դրվագով քրեական գործը՝ Առուստամյանի և 6 այլ անձանց վերաբերյալ, ուղարկվել է դատարանՄինչ օրս հստակ չէ չարաշահումների ողջ ծավալը. Գլխավոր դատախազության 2019թ. դեկտեմբերի նախնական գնահատականով` այն կազմում էր 23.7 միլիարդ դրամ կամ գրեթե 50 միլիոն դոլար, սակայն Արթուր Դավթյանի գլխավորած կառույցից «Ազատությանը» փոխանցեցին, որ վերջնական թիվ նշելու համար դեռ սպասում են փորձագիտական եզրակացության ավարտին։ Հայտնի է նաև, որ այս գործով պետությունից թաքցրած հարկերի ծավալը կազմում է 2.7 միլիարդ դրամ՝ ավելի քան 5.5 միլիոն դոլար։
Ո՛չ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ո՛չ նախկին վարչապետեր Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը, որոնց օրոք մեկնարկեց ու շարունակվեց ճանապարհային մեգանախագիծը, չարաշահումների այս գործով չեն անցնում՝ փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։ Միայն մի փոքրիկ դրվագով է անցել տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ով ամիսներ առաջ Մոսկվայից վերադառնալիս անգամ մի քանի ժամով ձերբակալվեց, սակայն նախկին պաշտոնյան փոխհատուցեց պետությանը պատճառած վնասը՝ ընդամենը 12 միլիոն դրամ, և այս գործով նրա նկատմամբ դադարեցվեց քրեական հետապնդումը։
Ճանապարհաշինական այս մեգանախագիծը գին ունի, որը վճարում են Հայաստանի քաղաքացիները։ Ֆինանսների նախարարությունից «Ազատությանը» տրամադրած տվյալների համաձայն, «Հյուսիս-հարավի» համար Հայաստանի կառավարությունը 2009թ.-ից մի քանի վարկային պայմանագիր է կնքել Ասիական զարգացման, Եվրասիական զարգացման և Եվրոպական ներդրումային բանկերի հետ` ընդհանուր առմամբ, 541 միլիոն դոլար, որի կեսից ավելին ՝ 283.2 միլիոն դոլարը առ այսօր չի օգտագործվել։