Թուրքիայի նախագահը, ով մի կողմից հայտարարում է, որ չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում, մյուս կողմից՝ շարունակ պնդում, թե հիանալի և վստահելի հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի հետ, առաջարկում է միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերություններում։
Ռեջեփ Էրդողանի այս հայտարարությունը հնչեց երեկ՝ ռուս-ուկրաինական հարաբերությունների սրացման փուլում, երբ Կիևն ու Արևմուտքը հայտարարում են, թե Մոսկվան նոր հարձակման է պատրաստվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստոլտենբերգ․ «Ռուսաստանը վերջին մեկ տարում արդեն երկրորդ անգամ մեծ ուժեր է կուտակում Ուկրաինայի սահմաններին»«Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Ղրիմի թուրքերին։ Մենք այդ հարցերը բազմիցս քննարկել ենք բարեկամ Ռուսաստանի և, մասնավորապես, պարոն Պուտինի հետ, շփումները շարունակվում են։ Հույս ունենք, որ այդ տարածաշրջանը պատերազմի տարածաշրջան չի դառնա։ Այդ կապակցությամբ մենք կցանկանայինք մեր ներդրումն ունենալ կարգավորման գործում՝ բանակցություններ վարելով ինչպես Ուկրաինայի, այնպես էլ պարոն Պուտինի հետ», - նշել է Թուրքիայի նախագահը։
Ավելին, էրդողանն ասել էր, թե Անկարան առաջարկում է Ուկրաինայի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ Կիևը անմիջապես համաձայնել է Թուրքիայի նախագահի այս նախաձեռնությանը, Մոսկվան՝ բացասական պատասխան տվել։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, շեշտել է, թե առաջարկը սխալ հասցեով է արվել. - «Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի առաջնորդների մասնակցությամբ Դոնբասի հարցով գագաթնաժողով անցկացնելու գաղափարն իմաստ չունի, քանի որ Մոսկվան հակամարտության կողմ չէ»:
Ավելի վաղ Կրեմլի խոսնակն էր նույնատիպ հայտարարություն արել: «Բանն այն է, որ Ռուսաստանը Դոնբասի հակամարտության կողմ չէ։ Նման ձևով խնդրի լուծման ուղիներ գտնելն անհնար կլինի», - ասել է Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով եռակողմ գագաթնաժողովի հնարավորության մասին հարցին։
Պեսկովը հերթական անգամ կրկնել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը․ հակամարտության կողմ են Կիևը և ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով. «Ռուսաստանը որպես կոնֆլիկտի կողմ ներկայացնելու Ուկրաինայի փորձերն անընդունելի են»Պաշտոնական Կիևը, մինչդեռ, ողջունել է Էրդողանի առաջարկը՝ ընդգծելով, որ Կիևը նախկինի պես հավատարիմ է կարգավորման նորմանդական ձևաչափին: Սրա հետ մեկտեղ Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է. «Ուկրաինան և Թուրքիան հիանալի հարաբերություններ ունեն, իսկ նախագահներ Էրդողանի և Զելենսկու միջև առկա է վստահության բարձր մակարդակ։ Եվ մենք կողջունենք ցանկացած ջանք, որը կարող է օգնել մեզ վերջ դնել այդ պատերազմին, վերադարձնել ուկրաինական տարածքների նկատմամբ վերահսկողությունը, որոնք այժմ գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ»։
Ուկրաինացի դիվանագետի խոսքով՝ իրենց համար կարմիր գիծը հետևյալն է՝ անհնար է որևէ համաձայնության հասնել առանց Կիևի մասնակցության։ Կուլեբան, հավանաբար, ակնարկում էր Անկարայի և Մոսկվայի կուլիսային պայմանավորվածությունները նախկինում՝ օրինակ, Սիրիայում կամ Ղարաբաղում։
Մոսկվան ավելի վաղ բազմիցս հայտարարել է, թե չի ընդունում Անկարայի դիրքորոշումը Ղրիմի հարցում, սակայն կարծում է, որ ժամանակի ընթացքում կհաջողվի թուրք գործընկերներին բացատրել իրողությունը։ Պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է, թե չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում , իսկ ամիսներ առաջ սկսել է նաև ակտիվ համագործակցել Կիևի հետ ռազմաարդյունաբերական ոլորտում։
Ուկրաինական կողմը մասնավորապես ոչ միայն ձեռք է բերել թուրքական անօդաչու սարքեր, այլ նաև արդեն կիրառել է «Բայրաքթար»-ները Դոնբասում, ինչին արձագանքել էր Մոսկվան՝ նկատելով` հարձակողական սպառազինության մատակարարումը չի օգնի Ուկրաինայի արևելքում լարված իրավիճակի կարգավորմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բայրաքթար»-ների մասին տեղեկությունն է՛լ ավելի է սրել իրավիճակը Դոնբասի շուրջ