Մինչ ՆԱՏՕ-ն նիստ է հրավիրում՝ քննարկելու Ուկրաինայի սահմանի մերձակայքում ռուսական զորքերի կուտակման հետ կապված մտահոգությունները, Բելառուսը հայտարարել է առաջիկայում իր հարավային սահմանի երկայնքով Ռուսաստանի հետ համատեղ զորավարժությունների անցկացման մասին։
Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել է, որ զորավարժությունները կանցկացվեն միջնաժամկետ հեռանկարում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ։
Նախարարը չի նշել զորավարժությունների կոնկրետ ժամկետները, սակայն նրա խոսքից պարզ է դառնում, որ դրանք անցկացվելու են ի պատասխան զորքերի նոր տեղակայման, որոնք, ըստ նրա, տեղի են ունենում Բելառուսի արևմտյան և հարավային հարևան երկրներում։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են ստեղծվում զորախմբեր մեր պետական սահմանների շուրջ և՛ արևմտյան, և՛ հարավային ուղղություններով։ Հարևան երկրներն ակտիվորեն ռազմականացվում են, և դա մեզ չի կարող չանհանգստացնել, ուստի մենք ստիպված ենք պատասխան քայլեր ծրագրել», - ասել է Խրենինը, ում մեկնաբանությունները հրապարակվել են Բելառուսի պաշտպանության նախարարության կայքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկո․ «Դոնբասում նոր պատերազմի դեպքում Բելառուսը մի կողմ չի քաշվի»