Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Ռիգա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպմանը։ Այդ մասին այսօր Twitter-ի իր էջում հայտնել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
Բլինքենը Լատվիայի մայրաքաղաքում նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա դաշնակից երկրների գործընկերների հետ։
Քննարկվելիք հարցերի թվում են Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակումը և դաշինքի արևելյան թևում միգրանտների ճգնաժամը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բազմիցս անհանգստություն է հայտնել ռուս-ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակման կապակցությամբ և նախազգուշացրել «հետևանքների» մասին, եթե Ռուսաստանը որոշի ուժ կիրառել Ուկրաինայի դեմ:
Ակնկալվում է, որ Ռիգայում կքննարկվեն Ուկրաինայի զինված ուժերին հավելյալ աջակցության տրամադրումը և Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան սահմանի երկայնքով տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերի հզորացման հարցը: