Տեղեկությունն այսօր առաջինն ադրբեջանական կողմը հայտնեց, հետո էլ՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ, սակայն, միայն վերադարձվածների անունն ու ծննդյան թիվն է նշված, այլ մանրամասներ չկան։
28-ամյա զինծառայող Արեն Արամյանի ու 21-ամյա Միհրան Մուսայելյանի վերադարձը տեղի ունեցավ այսօր Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից առաջ։
Դեռ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով սպասվող հանդիպմանը՝ հայտնել էր, որ այն դեռ նոյեմբերի 9-ին էր նախատեսվել, սակայն չէր կայացել, քանի որ հայկական կողմն այդ օրվա հետ կապված ըստ էության նախապայման ուներ՝ գերիների վերադարձը. - «Ես հստակ ասել եմ, անկեղծ մեր դիրքորոշումը արտահայտել եմ, որ նոյեմբերի 9-ը դժվար և ծանր և դառը օր է մեզ համար։ Բայց եթե պարզվի նոյեմբերի 9-ի հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք համաձայնվել կոնկրետ արդյունքի շուրջ, ասենք օրինակ՝ լուծենք գերիների հարցը, ես պատրաստ եմ էդ դառնությունը վերցնել և մասնակցել այդ օնլայն համաժողովին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 24 զինծառայողները, չճշտված տեղեկություններով, գերեվարվել են․ ՓաշինյանԱրևելյան սահմանագոտում՝ Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերին սահմանակից հատվածում տեղի ունեցած արյունալի մարտերի հետևանքով գերեվարվածների ու դիրքի կորստի առիթով հարուցված քրեական գործով կալանավորվել է զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը։ 44-ամյա Գեղամ Գեղամյանը մեղադրվում է մարտական ծառայության կանոնները խախտելու համար։
Գերիներից մեկի հարազատը դեռ օրեր առաջ «Ազատությանը» հայտնել էր, որ իրենք տեղեկություն ունեն՝ Ադրբեջանի զինուժի հարձակումից հետո հրամանատարներն ու մի քանի զինծառայողներ լքել են դիրքը, այդ պատճառով էլ զինծառայողները գերեվարվել են, այդ թվում՝ իր եղբայրը. - «Ոնց որ մի պոստից մի պոստ են գնացել։ «Ուրալի» մեջ էղել են վեց հոգի՝ վարորդը, երկու հոգի դիմացը, երեք հոգի հետևը։ Իջել են ուրիշ պոստեր, որտեղ արդեն ադրբեջանցիները վերցրել էին, արդեն էդտեղից իրանց հրամանատարները փախել էին։ Տեսեք ինչ ա ստացվում. երկու հոգի «Ուրալի» մեջից են փախել, փրկվել են հիմա, չորս հոգի էդ դիրքերից են փախել։ Մնացածին բոլորին գերի են վերցրել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերեվարվածներից մեկի եղբայրը պնդում է` հասել են դիրքեր այն ժամանակ, «երբ ադրբեջանցիներն այն վերցրել էին», ինչի մասին չի հաղորդվելԳլխավոր դատախազությունը հայտնում է, որ Գեղամ Գեղամյանը չի ապահովել հերթապահությունում ընդգրկված ուժերին առաջադրված մարտական խնդիրները, մասնավորապես, արդյունավետ չի դիմադրել դիրքերին մոտեցող ադրբեջանցի զինվորականներին. նա ևս 7 զինծառայողի հետ դիմել է փախուստի, հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել է։ Զինծառայողներից 2-ի դիերը նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, իսկ մարտական դիրքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ինքը՝ Գեղամյանը չի ընդունում մեղադրանքը։
«Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման բովանդակության մեջ նշված փաստական հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը», - «Ազատությանն» ասաց փաստաբան Սեդրակ Մկրտչյանը;
Գեղամյանը, փաստաբանի փոխանցմամբ, զինվորական ծառայության է անցել 2009 թվականին, անցած տարիներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել, պարգևատրվել է մի քանի անգամ, վերջինը՝ «Անբասիր ծառայության համար»։ Մեդալն ամռանն էր ստացել։
Մարտական ծառայության կանոնները խախտելու համար ևս մեկ զինծառայող է մեղադրվում՝ մարտական դիրքի դիտորդը։ Քննչական կոմիտեն հայտնում է՝ նա էլ է կալանավորվել։
Նոյեմբերի 16-ի արյունալի մարտերից10-ն օրն անց էլ հայկական կողմը դեռ ճշգրիտ թիվ չի հրապարակում գերեվարվածների կամ զոհերի վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանը նոյեմբերի 23-ին լրատվամիջոցների հետ անուղղակի շփման ժամանակ տեղում հաշվեց ու հայտնեց՝ չճշգրտված տվյալով 32 գերեվարված կա։
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը 6 զոհի մասին էր հայտնել։