Վրաստանի կառավարությանը կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհուրդը այսօր որոշել է վերացնել երկրի տարածքում գործող հակահամաճարակային սահմանափակումներից մի քանիսը։ Դեկտեմբերի 1-ից մասնավորաբար վերացվելու են ռեստորանների գործունեության ժամային սահմանափակումները։
«Դա վերաբերելու է միայն այն սննդի կետերին, որոնք սպասարկում են բացառապես պատվաստված կամ արդեն իսկ կորոնավիրուսից ապաքինված հաճախորդներին», - այսօր հայտարարել է Համակարգող խորհրդի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։
Բացի այդ, վրաց պաշտոնյայի խոսքով, դեկտեմբերի 1-ից թատրոններն ու կինոթատրոնները հնարավորություն կստանան վաճառել տոմսերի առավելագույնը ոչ թե 30, այլ 50 տոկոսը։
Սահմանափակումների մեղմացման մասին որոշումը կայացվում է երկրում վարակվածության տեմպերի բավական բարձր մակարդակի պայմաններում։ Վերջին մեկ օրում Վրաստանում Covid 19-ի 3 հազար 200 նոր դեպք է արձանագրվել, հիվանդությունից մահացել է ևս 64 մարդ։